Հուշանվեր թղթադրամներով առևտրի նոր դեպքեր. Եղեգնաձորի ոստիկանների բացահայտումը

Հունիսի 19-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության Եղեգնաձորի բաժին է փոխանցվել Արփի գյուղի մի խանութի սեփականատիրոջ հաղորդումը. «ՎԱԶ» մակնիշի մի մեքենայի վարորդ առևտուր անելիս վճարել էր հինգհազարանոց կեղծ թղթադրամ:
Մեկնել է բաժնի օպերատիվ խումբը: Խանութում հայտնել են, որ գնորդին վերադարձրել են 4500 դրամ մանրը, բայց մեքենայի համարանիշին ուշադրություն չեն դարձրել:
Ոստիկաններն անցել են գործի, ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ ու արագ պարզել, որ հուշանվեր թղթադրամն իրացրել են Գորիսի բնակիչ երկու երիտասարդներ` երկուսն էլ 31 տարեկան:
Համագործակցելով Վայոց ձորի մարզի պարեկների հետ` հաղորդումը ստանալուց մոտ մեկ ժամ անց Երևան-Մեղրի ճանապարհի 106-րդ կմ-ին երիտասարդները հայտնաբերվել, հանցանք կատարած լինելու կասկածանքով ձերբակալվել և, իրենց մեքենայով հանդերձ, տեղափոխվել են ոստիկանության Եղեգնաձորի բաժին: Մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Անձնական խուզարկությամբ նրանցից մեկի մոտ հայտնաբերվել են տարբեր արժեքի դրամներ, որոնց մեջ եղել են հուշանվեր թղթադրամներ` մեկ հատ 10-հազարանոց և վեց հատ հազարանոց: Նա հայտնել է, որ մեքենայի սրահի պահոցում նույնպես կան հուշանվեր-թղթադրամներ:
Երիտասարդներն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վայոց ձորի մարզային քննչական վարչություն:
Հետագա միջոցառումների արդյունքում Եղեգնաձորի համայնքային ոստիկանները ստացան օպերատիվ տեղեկություն, որ նույն երիտասարդները, նախորդ դեպքից մոտ մեկ ժամ անց, ևս մեկ հուշանվեր հինգհազարանոց են իրացրել Արենի գյուղի մի բնակչի գինու տաղավարում: Նաև փորձել են նմանատիպ երկու թղթադրամ էլ իրացնել «Աղավնաձորի շուկա» կոչվող տարածքում, բայց այդ դեպքում վաճառողը զգոն էր:
Եղեգնաձորի քրեական հետախույզներն էլ պարզել են, որ նույն օրը, ցերեկվա ժամը մեկին, հինգհազարանոց երկու հուշանվեր հաջողությամբ իրացրել են Մալիշկա գյուղում գտնվող մթերային խանութում: Իսկ ժամը 16.50-ի սահմաններում մեկ հինգհազարանոց էլ իրացրել են Վերնաշեն գյուղի մթերային խանութում:
Ջերմուկի ոստիկաններն էլ պարզել են, որ գորիսցի երիտասարդներն այդ օրը եղել են նաև Գնդեվազ գյուղում: Ժամը 12.30-ի սահմաններում մթերային խանութում հազար դրամի առևտրի դիմաց վճարել են հինգհազարանոց հուշանվեր, ստացել ապրանքը, չորս հազար դրամ մանրը ու հեռացել են:
Բոլոր դեպքերով իրացված հուշանվեր թղթադրամները վերցվել են:
Հունիսի 22-ին խուզարկություն է կատարվել ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պահպանվող հատուկ տարածք տեղափոխված մեքենայում: Հայտնաբերվել են 15 հատ հազար, 13 հատ երկու հազար, 14 հատ տասը հազար և 7 հատ քսան հազար արժողության հուշանվեր-թղթադրամներ: Երիտասարդներից մեկը հայտնել է, որ դրանք օնլայն գնումերի հարթակից վեց հազար դրամով գնված հուշանվերների մի մասն է: Խուզարկությամբ հայտնաբերվել է նաև գազային ատրճանակ:
Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում շարունակվող նախաքննությամբ պարզվում են դեպքի բոլոր հանգամանքները:

`

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related posts

Հաճախակի են դառնում դեպքերը, երբ օձերին վնասում են՝ լրջորեն վտանգելով և՛ իրենց, և՛ կենդանիների կյանքը․ ՇՄՆ զգուշացումը

Հրդեհ Առնո Բաբաջանյան փողոցի նորակառույց չբնակեցված շենքերից մեկում

Արման Խաչատրյանը համատեղության կարգով նշանակվել է Մոնակոյում ՀՀ դեսպան