Հուլիսի 1-ի դրությամբ բնակարանային ապահովման հավաստագիր է ստացել ԼՂ-ից տեղահանված ավելի քան 1600 ընտանիք. Նարեկ Մկրտչյան

Այժմ ընթացքում են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը, և հընթացս, փոխվարչապետ պարոն Խաչատրյանի գլխավորությամբ, միջգերատեսչական տարբեր քննարկումների և ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց մասնակցությամբ որոշակի փորձագիտական խմբերի հետ քննարկումների արդյունքում մշակել ենք մի շարք բարեփոխումներ և սահմանել նոր ընթացակարգեր: Այդ մասին Կառավարության նիստի ժամանակ ասաց ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը:

«Այս պահին տրամադրվող հավաստագրերի շրջանակում ընտանիքի յուրաքանչյուր անդամի տրամադրվում է 3-5 մլն դրամ՝ կախված այն բանից, թե որ բնակավայրում է ձեռք բերվում կամ կառուցվում անշարժ գույքը: Այս նախագծով առաջարկում ենք սահմանել 4 մլն դրամ սահմանաչափով բնակավայրերի նոր ցանկ: Այս պահին եղած ցանկերում ներառված են 57 համայնքների 452 բնակավայրեր: Մենք այս նախագծով առաջարկում ենք ցանկն ընդլայնել՝ 452-ի փոխարեն սահմանենք 611 բնակավայր, և այդ բնակավայրերի համար սահմանենք 4 մլն դրամ: Սահմանել, որ ծրագրով նախատեսված 2-րդ և 3-րդ փուլերը կմեկնարկեն միաժամանակ այս ամսվանից: Այսինքն՝ մեկնարկած են: Դիմումներն ընդունում ենք: Ծրագիրը, ըստ էության, բացում ենք բոլոր թիրախային խմբերի համար՝ անկախ ընտանիքի կազմից, և ծրագրին դիմելու վերջնաժամկետը սահմանում ենք 2027 թվականի դեկտեմբերի 31-ը»,- նշեց նախարարը:

Նա ասաց, որ նախագծով սահմանվում է հավաստագրի իրացման արդյունքում ձևավորված դրական մնացորդի իրացման ընթացակարգ այն դեպքերի համար, երբ ձեռք բերված անշարժ գույքի արժեքը փոքր է տվյալ ընտանիքին հասանելի աջակցության չափից:

«Մենք այդ դրական մնացորդը հնարավորություն ենք տալիս օգտագործել 3 ուղղություններով՝ վերանորոգման վարկի ստացման, գյուղատնտեսական նշանակության հողամասի ձեռքբերման և կահույքի կամ կենցաղային տեխնիկայի գնման համար»,- նշեց Նարեկ Մկրտչյանը:

Առաջիկա օրերին շահառուները կստանան էլեկտրոնային հաղորդագրություն, որում նշված կլինի դրական մնացորդի չափը․ միայն դրանից հետո վերանորոգման վարկի ստացման և գյուղատնտեսական նշանակության հողի ձեռքբերման համար անհրաժեշտ կլինի դիմել գործընկեր բանկ, իսկ կահույքի և կենցաղային տեխնիկայի գնման համար անհրաժեշտ կլինի Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն ներկայացնել ցանկացած տնտեսվարող սուբյեկտից ձեռքբերվող գույքի և տեխնիկայի (ցանկն առաջիկայում կհրապարակվի) հաշիվ ապրանքագրերը, որից հետո գումարը կփոխանցվի տնտեսվարող սուբյեկտին։

Անհատական բնակելի տների կառուցման դեպքում՝ շինարարական աշխատանքները կարող են իրականացվել նաև ֆիզիկական անձանց կողմից, բայց բազմակի օգտագործման օրինակելի նախագծանախահաշվային փաստաթղթերի հիման վրա։ Սահմանվել է նաև անհատական բնակելի տան կառուցման համար նախատեսված հողամասի ձեռքբերման համար աջակցության տրամադրման պարզեցված՝ առավել արդյունավետ ընթացակարգը, այսինքն՝ ոչ թե հիփոթեքային վարկավորմամբ, այլ անմիջապես գումարը վաճառողին փոխանցելու միջոցով՝ համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում։
Փոխհատուցվում են անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար օրենքով սահմանված վճարները։
«Մեկ այլ կարգավորմամբ առաջարկում ենք ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով ծրագրին դիմած և շահառուի կարգավիճակ չստացած ընտանիքների անհատական դեպքերն ուսումնասիրելու նպատակով, որը հնարավորություն կտա վերականգնել որոշումներ կայացնելու համար անհրաժեշտ տեղեկատվության բացակայության կամ առկա տեղեկատվության թերի կամ ոչ ճշգրիտ լինելու հետևանքով դիմումատուների չիրացված իրավունքները: Սա վերաբերելու է բացառապես բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրին, այլ ոչ թե մյուս աջակցության ծրագրերին, որը մենք ունեցել ենք. դրամական աջակցության նկատի ունեմ»,- ասաց նա:

ԱՍՀ նախարարը նաև տեղեկացրեց, որ նախագծով նախատեսվել են նաև տարբեր իրավակիրառ պրակտիկայից բխող այլ լավարկումներ, որոնք հնարավորություն կտան առավել սահուն և անխոչընդոտ կազմակերպել մեր հայրենակիցների կողմից հավաստագրերի իրացումը:

«Հուլիսի 1-ի դրությամբ հավաստագիր է ստացել ավելի քան 1600 ընտանիք, և իրացվել է ավելի քան 390-ը: Այս լավարկումով, բարեփոխումներով մենք վստահ ենք, որ թիվը էականորեն կսկսի մեծանալ և ավելի շատ շահառուներ կկարողանան մասնակցել ծրագրին»,- նշեց Նարեկ Մկրտչյանը:

Related posts

Միայն վերջին 7 օրում ռուս-վրացական սահմանը հատել է 62 շշալցված, կոնյակով բեռնված մեքենա. Պապոյան

1 արծաթե և 1 բրոնզե մեդալ՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ20 տարեկանների Եվրոպայի առաջնությունից

Ընդդիմությունը վախենում է ձեր վերաբերմունքից մեր թեկնածու Մեխակյանի հանդեպ. Խուդաթյանը՝ միավորվող համայնքների բնակիչներին