ՀՀ և Ֆրանսիայի ԱԳ նախարարները քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին վերաբերող հարցեր

 

Փետրվարի 9-ին Փարիզում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեի հետ:

ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանը շնորհավորել է ֆրանսիացի գործընկերոջը Ֆրանսիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:

Զրուցակիցները հանգամանալից քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ՝ անդրադառնալով  թե՛ երկկողմ և թե՛ բազմակողմ հարթակներում համատեղ սերտ փոխգործակցության հեռանկարներին։

Անդրադառնալով երկկողմ օրակարգին վերաբերող հարցերին՝ գոհունակությամբ նշվել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը և ընդգծվել բազմաոլորտ համագործակցության հետագա ամրապնդման պատրաստակամությունը։ Հայաստանի և Ֆրանսիայի նախարարներն անդրադարձել են առաջիկայում նախանշվող բարձրաստիճան միջոցառումներին։

Արարատ Միրզոյանը և Ստեֆան Սեժուրնեն մտքեր են փոխանակել նաև ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի շուրջ։ ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է Եվրոպական միության հետ ինտենսիվ խորացող երկխոսությունը, որը զարգանում է նաև նոր ուղղություններով՝ միտված ՀՀ քաղաքացիների համար շոշափելի արդյունքների ապահովմանը։

Մանրամասն քննարկվել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին վերաբերող հարցեր։ ՀՀ ԱԳ նախարարը ֆրանսիացի գործընկերոջն է ներկայացրել տարածաշրջանում կայունության ու խաղաղության հաստատման հարցում ՀՀ տեսլականը: Արարատ Միրզոյանն ընդգծել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում առանցքային սկզբունքները, մասնավորապես տարածքային ամբողջականության և սահմանների անքակտելիության, ինքնիշխանության անվերապահ հարգման կարևորությունը, ինչպես նաև սահմանազատման հետագա գործընթացն Ալմա-Աթայի հռչակագրի ու ԽՍՀՄ ամենաթարմ ու լեգիտիմ քարտեզների հիման վրա իրականացնելու համար առավել որոշակիություն ապահովելու անհրաժեշտությունը։

ՀՀ ԱԳ նախարարը բարձր է գնահատել Ֆրանսիայի առանձնահատուկ ուշադրությունն ու ջանքերը՝ ուղղված Հարավային Կովկասում անվտանգային մարտահրավերների հաղթահարմանը, ինչպես նաև արդար ու կայուն խաղաղության հաստատմանը:

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ծրագրերին առնչվող հարցերի շուրջ։

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան