ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարները կարևորել են եռակողմ հայտարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչումը

Հոկտեմբերի 1-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Սերգեյ Լավրովին Պետական դումայի ընտրությունների կապակցությամբ:

Զրուցակիցները մանրամասն քննարկել են հայ-ռուսական հարաբերություններին, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգին վերաբերող հարցեր: Ընդգծվել է բարձր և բարձրագույն մակարդակներում կանոնավոր շփումների նշանակությունը:

ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարները անդրադարձ են կատարել սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում Արարատ Միրզոյանի ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ինչպես նաև սեպտեմբերի 24-ին համանախագահների մասնակցությամբ և միջնորդությամբ տեղի ունեցած ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման արդյունքներին: Նախարար Միրզոյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ վերսկսելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման լիարժեք գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո՝ հայտնի սկզբունքների և տարրերի հիման վրա։

Երկու երկրների ԱԳ նախարարները կարևորել են 2020 թ. նոյեմբերի 9-ի ու 2021 թ. հունվարի 11-ի հայտարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչումը: Հումանիտար խնդիրների հասցեագրման համատեքստում Արարատ Միրզոյանն ընդգծել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների հայրենիք վերադարձնելու անհրաժեշտությունը:

Արտաքին քաղաքական ոլոտում քայլերի կոորդինացման համատեքստում կողմերը քննարկել են ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ԱՊՀ-ի և ՀԱՊԿ-ի շրջանակներում համագործակցությունը՝ հատկապես հաշվի առնելով ՀԱՊԿ-ում Հայաստանի ընթացիկ նախագահությունը:

Related posts

Արման Խաչատրյանը համատեղության կարգով նշանակվել է Մոնակոյում ՀՀ դեսպան

25 669 քաղաքացի ետ է ստացել 2 միլիարդ 294 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. վարչապետ

«Երիտասարդ եվրոպական դեսպանները» ՀՀ նախագահին են ներկայացրել եվրոպական արժեքների տարածման իրենց ծրագրերը