ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարն արձագանքել է Դուբայում Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպման մասին լուրերին

Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը մեկնաբանել է Middle East Eye-ի հրապարակումն այն մասին, թե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պլանավորում են հուլիսին հանդիպում անցկացնել Դուբայում։

Թեմայի վերաբերյալ «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը նշեց.

«Վարչապետի այցերի մասին ժամանակին տրամադրվում է պատշաճ տեղեկատվություն»։

Middle East Eye-ը, հղում անելով իր աղբյուրներին, գրում է, որ Արաբական Միացյալ Էմիրությունները ցանկանում է հյուրընկալել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև հանդիպումը՝ կովկասյան երկու ժողովուրդների միջև հարաբերությունները բարելավելու իր ջանքերի շրջանակներում։

Այս համատեքստում կայքը հիշեցրել է, որ հունիսի 25-ին Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանը հեռախոսազրույցներ է անցկացրել Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։

Middle East Eye-ը մեջբերել է այդ հեռախոսազրույցի վերաբերյալ ՀՀ արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության հետևյալ հատվածը.

«Նախարար Միրզոյանը և շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերի շուրջ»:

Related posts

Հայաստանը COP17-ում մեկնարկել է լեռնային և քաղցրահամ ջրային էկոհամակարգերի Երևանի հարթակը

2027-ից առողջության համընդհանուր ապահովագրությունը հասանելի կլինի ևս ավելի քան 350 հազար քաղաքացու

«Անկախ դիտորդ»․ 142 տեղամասում արձանագրվել է 213 խախտում, սակայն դրանք չեն ազդել ՏԻՄ ընտրությունների արդյունքների վրա