ՀՀ-ում նվազագույն մահացությունն է գրանցվել վերջին 6 տարում և բնական առավելագույն աճը. Փաշինյան

Առողջապահության, կրթության ոլորտներին հատկացվելիք ծախսերն ավելի քան կրկնապատկվում են: Առողջապահության ոլորտին հատկացվելիք ծախսերի ավելացմամբ, ըստ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, կրկնապատկվում է առողջապահության հասանելիությունը քաղաքացիների համար:

«Սա մեր կարևորագույն հանձնառություններից, խոստումներից է: 2018 թ. երկրի կառավարումը ստանձնելով՝ առաջ քաշեցինք թեզ, որ քաղաքացին չպետք է մնա հիվանդանոցների դռներին, և այսօր արդեն քաղաքացին չի մնում հիվանդանոցների դռներին: Վերջին տվյալներով՝ պետպատվերով առողջապահական պլանային ծառայությունների կարիք ունեցող անձինք հերթագրումից հետո մեկ ամսվա ընթացքում ստանում են այդ ծառայությունները:

Սա չի վերաբերում անհետաձգելի ծառայություններին, որոնք մատուցվում են ըստ անհրաժեշտության: Եվ դրա արդյունքը մենք տեսնում ենք այսօր: 2023 թ. հունվար-սեպտեմբերին ՀՀ-ում նվազագույն մահացությունն է գրանցվել վերջին վեց տարում և բնական առավելագույն աճը»,- ասաց վարչապետը, ապա անդրադարձավ նաև կրթության ոլորտին. «Մենք հստակ ձևակերպել ենք, թե ինչ ենք ուզում մեր կրթական համակարգից, մեր դպրոցից: Մենք ուզում ենք, որ երեխան այնտեղից դուրս գա մտքով ուժեղ, ֆիզիկապես ուժեղ և հոգեբանորեն ուժեղ: Մենք ուզում ենք, որ երեխայի մտքում և հոգում բյուրեղանան շատ կարևոր և շատ կոնկրետ արժեքներ, և այդ արժեքների արժեքը պետք է լինի պետությունը՝ ՀՀ-ն»:

Ինչ վերաբերում է 2018 թ. համեմատությամբ կապիտալ ծախսերը եռապատկելուն, Փաշինյանը նշեց, որ այս համատեքստում շարունակելու են կառուցել ջրագծեր, ճանապարհներ, էլեկտրագծեր, մանկապարտեզներ, դպրոցներ, և սա խաղաղության օրակարգի ֆինանսատնտեսական արտահայտությունն է:

«Վերջին հինգ տարում մենք Հայաստանում 28 տոկոս տնտեսական աճ ենք ապահովել: Սա ահռելի թիվ է, որն էականորեն մեծացրել է մեր տնտեսության պոտենցիալը: Բայց այդ պոտենցիալն իրացնելու համար անհրաժեշտ են հանրակրթության, մասնագիտական կրթության և ուսուցման, բարձրագույն կրթության և գիտության ոլորտում իրականացվող բարեփոխումները: Այստեղ պետք է ձևավորվի այն կադրային մարդկային ռեսուրսը, որը պետք է իրացնի, այսինքն՝ օգտագործի տնտեսական գոյացած պոտենցիալը և այն վերածի տնտեսական շարունակական զարգացման»,- ասաց նա:

Related posts

ՔՊ վարչության նիստում քննարկվել են կուսակցական, քաղաքական և հանրային կարևորություն ունեցող հարցեր

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, Մարինե Հակոբյանը կսովորի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում