ՀՀ ներկայացուցիչները հաղթանակներով են մեկնարկել շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում

ՌԴ Սոչի քաղաքում մեկնարկեց շախմատի տղամարդկանց և կանանց աշխարհի գավաթի խաղարկությունները, որոնց Հայաստանից մասնակցում են 5 շախմատիստ և 1 շախմատիստուհի:

Տղամարդկանց մրցաշարի 1/128 եզրափակիչ փուլի առաջին տուրում Հայկ Մարտիրոսյանը հաղթեց զամբիացի Չիտումբո Մվալիին, Շանթ Սարգսյանը` Վենեսուելայի ներկայացուցիչ Պեդրո Ռամոն Մարտինես Ռեյեսին, իսկ Հայաստանի գործող չեմպիոն Հովհաննես Գաբուզյանը պարտության մատնեց ալժիրցի գրոսմայստեր Բիլել Բելաչենեին:

Կանանց գավաթի խաղարկության առաջին փուլի առաջին տուրում Հայաստանը ներկայացնող Էլինա Դանիելյանը հաղթանակ տարավ պարագվայցի Գաբրիելա Վարգասի նկատմամբ:

Վաղը կկայանան նախնական փուլի երկրորդ հանդիպումները: Ոչ-ոքի խաղալու դեպքում մեր բոլոր շախմատիստները կմտնեն հաջորդ փուլ, իսկ եթե պարտություն կրեն, ապա ուղեգիրը կվիճարկեն թայ-բրեյքում:

Հավելենք, որ մեր առաջատար շախմատիստներ Լևոն Արոնյանն ու Գաբրիել Սարգսյանը բաց են թողել այս փուլը և մրցաշարը կսկսեն 1/64 եզրափակիչից:

Related posts

18 երկրից ավելի քան 540 մարզիկ. Գյումրիում մեկնարկում է խոշոր միջազգային առաջնություն

Վազորդ Երվանդ Մկրտչյանը՝ փոքր երկրների Եվրոպայի առաջնության կրկնակի ոսկե մեդալակիր

«Յունիսպորտը»՝ ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խմբի չեմպիոն