ՀՀ նախագահը և Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր Արին Կարապետը քննարկել են հայ-շվեդական համագործակցության հեռանկարները

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր, Շվեդիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Արին Կարապետին:

Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է պատգամավորին՝ Շվեդիայի խորհրդարանական ընտրություններում նրա ներկայացրած կուսակցության հաղթանակի կապակցությամբ և հույս հայտնել, որ դա ևս մեկ խթան կհանդիսանա Շվեդիա-Հայաստան փոխգործակցության համար:

Արին Կարապետը շնորհակալություն է հայտնել նախագահին ընդունելության համար և ընդգծել, որ մշտական կապի մեջ է Շվեդիայում հայկական դեսպանության և հայաստանյան գործընկերների հետ տարբեր համատեղ ծրագրեր կյանքի կոչելու նպատակով:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել համահայկական օրակարգային խնդիրներին և տարածաշրջանային անվտանգության հիմնախնդիրներին:

Քննարկվել են մի շարք ոլորտներում հայ-շվեդական համագործակցության հեռանկարների վերաբերյալ հարցեր: Անդրադարձ է կատարվել տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով շվեդական փորձի կիրառմանը Հայաստանում, էներգետիկ անկախության ապահովման մեխանիզմներին:

Արին Կարապետը Հանրապետության նախագահին է ներկայացրել Շվեդիա-Հայաստան բարեկամական խմբի գործունեության մի շարք ասպեկտներ և հնարավոր նախաձեռնություններ երկկողմ առարկայական ծրագրերի շուրջ:

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շեշտել է, որ մշտապես պատրաստակամ է հնարավորինս աջակցել երկկողմ հարաբերությունների և համագործակցության սերտացմանը:

Related posts

2026-ի 9 ամիսներին պարեկները շրջանառությունից դուրս են բերել 185 զենք-զինամթերք. ՆԳՆ

Կենդանիները շնչող խաղալիք չեն․ Ալեն Սիմոնյանը՝ կրկեսներում տնային կենդանիների օգտագործումն արգելելու անհրաժեշտության մասին

Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է