ՀՀ նախագահը հանդիպել է ՌԴ դեսպանի հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմը։

Զրուցակիցներն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցման վերաբերյալ Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների ստորագրած հայտարարությանն ու դրա դրույթներին:

Նախագահ Սարգսյանը նշել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը համազգային նշանակության և կարևորության հարց է, և, բնական է, որ դրան առնչվող ցանկացած որոշման ընդունում, առավել ևս՝ որևէ փաստաթղթի ստորագրում առաջացնում է մարդկանց կտրուկ արձագանքն ու հաճախ նաև ընդվզումը:

Նախագահ Սարգսյանն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների և հատկապես Ռուսաստանի Դաշնության կարևոր միջնորդական դերը պատերազմական գործողությունների դադարեցման գործում:

Հանդիպմանը կարևորվել է անվտանգության և կայուն խաղաղության անհրաժեշտությունը ողջ տարածաշրջանում:

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան