ՀՀ կառավարությունը առաջնահերթ է համարում ՀՀ-Իրան հարաբերությունների զարգացումը. վարչապետը շնորհավորական ուղերձներ է հղել Իրանի հոգևոր առաջնորդին և նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիին և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանին՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 46-րդ տարեդարձի առթիվ:

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդին ուղղված ուղերձում նշված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իրանի ժողովրդին Իսլամական հեղափոխության հաղթանակի 46-րդ տարեդարձի առթիվ։

Հայաստանի Հանրապետության կառավարությունը առաջնահերթ է համարում Հայաստանի և Իրանի հարաբերությունների շարունակական զարգացումը՝ երկկողմ և բազմակողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում:

Համոզված եմ, որ Ձեր գործուն աջակցությամբ և հովանավորությամբ մեր երկրները կխորացնեն փոխգործակցությունը բոլոր ուղղություններով և կնախանշեն համագոր­ծակցության ընդլայնմանը միտված ռազմավարական նոր ծրագրեր, որոնք կնպաստեն ինչպես երկու երկրների բարեկամության ամրապնդմանը, այնպես էլ տարածաշրջանի կայունությանն ու բնականոն զարգացմանը:

Առիթը պատեհ համարելով՝ մաղթում եմ Ձեզ հաջողություն և քաջառողջություն, իսկ Իրանի բարեկամ ժողովրդին՝ բարօրություն և խաղաղություն»։

Իրանի նախագահին ուղղված ուղերձում ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իրանի բարեկամ ժողովրդին Իսլամական հեղափոխության հաղթանակի 46-րդ տարեդարձի կապակցությամբ:

Հայաստանի և Իրանի բարեկամությունը խարսխված է փոխվստահության, անկեղծության, հարգանքի և կառուցողական երկխոսության վրա, որոնք ամուր հիմք են հետագա համագործակցության ամրապնդման և ընդլայնման համար:

Ջերմությամբ եմ հիշում մեր հանդիպումներն ու արդյունավետ քննարկումները Հայաստան-Իրան երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանային զարգացումների շուրջ: Վստահ եմ, որ Ձեզ հետ միասին կարողանալու ենք մեր երկու երկրների բարեկա­մական փոխգործակցությունը հասցնել որակական նոր մակարդակի՝ ի շահ Հայաստանի և Իրանի բարեկամ ժողովուրդների:

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ արգասաբեր գործունեություն, իսկ հարևան Իրանի ժողովրդին՝ հարատև խաղաղություն ու բարեկեցություն»։

Related posts

Բոլորս Աստծո սիրելի զավակներն ենք, լինենք միասնական, քայլենք միասին․ Հռոմի նորընտիր պապի ուղերձը

Հռոմի նոր Պապ է ընտրվել Ռոբերտ Ֆրենսիս Պրևոստը

Վլադիմիր Պուտինը Կրեմլում դիմավորել է Նիկոլ Փաշինյանին