ՀՀ Կառավարությունը Ադրբեջանի կոնվենցիոն խախտումների դեմ միջպետական գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ

ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակից հայտնում են, որ սույն թվականի փետրվարի 1-ին ՀՀ Կառավարությունը միջպետական գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան ընդդեմ Ադրբեջանի` սանձազերծած 44 օրյա պատերազմի ընթացքում և դրան հաջորդող ժամանակահատվածում թույլ տրված կոնվենցիոն խախտումների համար:

«Մասնավորապես, ՀՀ Կառավարությունը պնդում է, որ Ադրբեջանը խախտել է Արցախի և ՀՀ-ի բնակչության կյանքի, խոշտանգումներից և անմարդկային վերաբերմունքից զերծ մնալու, անձեռնմխելիության, սեփականության, անձնական և ընտանեկան կյանքի, կրթության և մի շարք այլ իրավունքները: Կառավարության կողմից գանգատին կից ներկայացվել են բազմաթիվ և ծավալուն ապացույցներ: Գանգատում, ի թիվս բազմաթիվ այլի, բարձրացված է նաև ռազմագերիների և քաղաքացիական անձանց, Արցախի տեղահանված բնակչության, զոհված և վիրավորված քաղաքացիական անձանց, նրանց հարազատների, սեփականությունը կորցրածների, տեղական և միջազգային ԶԼՄ-ների ներկայացուցիչների իրավունքների պաշտպանության մի շարք հարցեր։

Այս միջպետական գանգատը պետության անունից ընդդեմ Ադրբեջանի տարվող իրավական գործընթացի կարևորագույն քայլ է: Այս առումով հատկանշական է, որ այս գանգատը Եվրոպական դատարան ՀՀ-ի կողմից ներկայացվող առաջին միջպետական գանգատն է:

Տեղեկացնում ենք, որ առաջիկայում Եվրոպական դատարան են ուղարկվելու արդեն իսկ ներկայացված պահանջները հիմնավորող լրացուցիչ մեծածավալ ապացույցներ: Ինչպես մինչ օրս, այնպես էլ ապագայում ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակը հանրությանը կծանուցի հետագա զարգացումների և ձեռնարկած քայլերի մասին»,- ասված է հայտարարությունում:

Related posts

Հայաստանը ցանկանում է վերահաստատել «Յոթ անփոխարինելի հենասյուների» կարևորությունը․ ԱԳ նախարարի ելույթը Վիեննայում

Մարդու իրավունքների պաշտպանը համապատասխան պարզաբանումներ է պահանջել Ներքին գործերի նախարարությունից

Լրատվամիջոցները հայտնել են Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի կործանման պատճառը