Երբ 2018-ին Կառավարության դիրքորոշումը եղել է հետևյալը, որ գործադիրը գործ չունի դատական իշխանության հետ, և դատական իշխանության նկատմամբ ազդեցություններ գործադրելու հետ, և մենք հրաժարվել ենք այդ գործելակերպից, իրականության մեջ ինչ է տեղի ունեցել՝ եղել են շրջանակներ, որոնց ես անվանում եմ մաֆիոզ շրջանակներ, որոնք ասել են՝ էս ինչ լավ ա, գործադիրը հրաժարվում է դրանից, եկեք գնանք մենք էդ նիշան զբաղեցնենք, և զբաղեցրել են: Այդ մասին իններորդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանում ԱԺ պատգամավոր Արայիկ Հարությունյանի հարցին պատասխանելիս հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Պատգամավորն իր խոսքում հարց էր բարձրացրել ցանկացած իշխանության համար ինքնահայեցման մասին, նշել՝ կառավարությունը պետք է հետևի քննադատություններին և անհրաժեշտության դեպքում լուծում տա խնդիրներին. խոսքը մասնավորապես դատական համակարգի առկա խնդիրներին էր վերաբերում:
«2026-ի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավում իմ ամենամեծ բարդությունը եղել է պատասխանել մարդկանց հետևյալ հարցերին՝ ինչի է էս մեկն ազատության մեջ, ինչի էս մեկը դատված չի և այլն: Ինձ համար դժվար է բացատրել, որ դրանք ինձ հասցեագրված հարցեր չեն: Մենք դատաիրավական բարեփոխումների համար առավելագույնն արել ենք, բայց հիմա պարզվում է՝ դրանք ինձ հասցեագրված հարցեր են, բայց խնդիրն այն չէ, որ հարցերը հասցեագրված են: Խնդիրն այն է, որ ՀՀ ժողովուրդը, որ իշխանության կրողն է, ունի հարցեր, որոնց պատասխանը պետք է ստանա:
Էսօր խոսում են քաղաքական հետապնդումների մասին, ես խոսում եմ քաղաքական չհետապնդումների մասին: Ես չեմ կարող հավատալ, որ ինչ-որ մարդիկ մինչև հիմա պատասխանատվությունից խուսափել են այն պատճառով, որ դատաիրավական համակարգը արդար է: Իրենք ընդհակառակը, պատասխանատվությունից խուսափել են այն պատճառով, որ էդ կոռուպցիոն կապերը շարունակում են մնալ և նախկինից մինչև 2018-ը թվականը, հայտնի ընտանիքներ կան, որոնց անդամները դատավոր են, որոշումներ են կայացնում, խնամի են, ծանոթ են, բարեկամ: Ինչի՞ են նրանք դեռևս դատավոր՝ որովհետև սահմանադրական պաշտպանության ներքո են, այսինքն՝ քաղաքական իշխանությունը օրինական ճանապարհով նրանց այդտեղից հեռացնելու հնարավորություն չունի»,- ասել է վարչապետը: