ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը ազգաբնակչությանը կրկին հորդորում է սոցիալական ցանցերում շփումների ընթացքում դրսևորել զգոնություն և զերծ մնալ առաջնա­գծին առնչվող տվյալներ տարածելուց

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ սոցիալական ցանցերի հայազգի տարբեր օգտատերեր պարբերաբար տարածում են հայտարարություններ՝ խնդրելով իրենց տրամադրել տեղեկատվություն արցախաադրբեջանական զորքերի շփման գծի, Արցախի Հանրապետությունում ընթացող ռազմական գործողությունների, մարտի դաշտում տեղի ունեցող հերոսությունների և բացառիկ սխրանքների մասին: Մասնավորապես, www.facebook.com սոցիալական ցանցի օգտատեր Վահե Պետրոսյանը, ով ներկայանում է որպես կրոնական քարոզիչ, իր ուղիղ եթերներից մեկում խնդրել է իրեն ուղարկել առաջնագծում գտնվող զինվորների վերաբերյալ «վկայություններ», թե ինչպես են վերջիններս փրկվել Աստծո շնորհիվ:
Եվս մեկ անգամ հիշեցնում ենք, որ պատերազմական իրավիճակում առաջնագծի, թիկունքի, զորքերի տեղաշարժի, մարդկանց կուտակումների վերաբերյալ, ինչպես նաև առաջին հայացքից թեկուզ ոչ նշանակալի թվացող ցանկացած տեղեկատվություն անթույլատրելի է փոխանցել այլ անձանց, քանի որ նման տվյալները ուղղակի կամ անուղղակի կերպով կարող են օգտագործվել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգությանը վնասող գործողություններ իրականացնելու համար:
Ազգաբնակչությանը կրկին հորդորում ենք սոցիալական ցանցերում շփումների ընթացքում դրսևորել զգոնություն, աչալրջություն և զերծ մնալ առաջնա­գծին առնչվող տվյալներ տարածելուց:

Related posts

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Ստեփանավանում «Ուժեղ Հայաստանի» համայնքապետի թեկնածուն երկու ամսով կալանավորվել է

Ինձ համար մեծ պատիվ էր հանդիպել ՀՀ վարչապետին և ներկայացնել նվաճածս RAF-ի չեմպիոնական գոտին. Հարությունյան