ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանիի հետ

Օգոստոսի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանիի հետ: Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Դավիդ Զալկալիանին շնորհավորել է նաև հայկական կողմին՝ անցկացված ժողովրդավարական ընտրությունների կապակցությամբ՝ նշելով, որ երկրում ժողովրդավարական արժեքների ամրապնդումը մեծ նշանակություն ունի ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ տարածաշրջանի համար:

Արարատ Միրզոյանը և Դավիդ Զալկալիանին ընդգծել են հայ-վրացական հարաբերությունների առանձնահատուկ և բարիդրացիական բնույթը, պատրաստակամություն հայտնել ջանքեր գործադրել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխշահավետ համագործակցության առավել խորացման ուղղությամբ։ Այս համատեքստում կարևորվել է նաև բարձր մակարդակում փոխայցելությունների անցկացումը։

ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ երկու երկրների միջև ավանդական փոխվստահության ամրապնդումը, շարունակական երկխոսությունը և փոխգործակցությունը կնպաստեն նաև տարածաշրջանային կայունությանը:

Զրույցի ընթացքում նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Վրաստանի կառավարությանը՝ հայ ռազմագերիների հայրենադարձման գործում ներդրած միջնորդական ջանքերի համար, և շեշտել, որ Ադրբեջանում դեռևս կան ապօրինաբար պահվող հայ ռազմագերիներ և քաղաքացիական անձինք, ում շուտափույթ հայրենադարձումն առաջնահերթություն է հայկական կողմի համար։ Արարատ Միրզոյանը հավելել է, որ այս կարևորագույն խնդրի լուծման հարցում Հայաստանն ակնկալում է միջազգային իր գործընկերների հետագա ներգրավվածությունը։

Կողմերը քննարկել են Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ԶՈՒ կողմից իրականացված սադրիչ գործողությունների արդյունքում ստեղծված իրավիճակը: Հայկական կողմն ընդգծել է, որ Ադրբեջանի նման վարքագիծը լուրջ սպառնալիք է տարածաշրջանային անվտանգության ու կայուն զարգացման համար:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև կորոնավիրուսային համավարակի տարածման հետևանքով ստեղծված իրավիճակին։ Այս առումով, կարևորվել է բնակչության շրջանում պատվաստումների ծավալների ավելացումը, ինչպես նաև համավարակի հաղթահարման գործում երկու երկրների միջև համագործակցությունը։

Related posts

Բոլորս Աստծո սիրելի զավակներն ենք, լինենք միասնական, քայլենք միասին․ Հռոմի նորընտիր պապի ուղերձը

Հռոմի նոր Պապ է ընտրվել Ռոբերտ Ֆրենսիս Պրևոստը

Վլադիմիր Պուտինը Կրեմլում դիմավորել է Նիկոլ Փաշինյանին