ՀՀ ԱԳ նախարարն իր կիպրացի գործընկերոջն է ներկայացրել ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի մանրամասները

Օգոստոսի 11-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կիպրոսի արտաքին գործերի նախարար Կոնստանտինոս Կոմբոսի հետ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից՝ ՀՀ ԱԳ նախարարն իր կիպրացի գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ահագնացող հումանիտար ճգնաժամի մանրամասները և տեղում բնակչության համար ստեղծված ծանրագույն պայմանները: Նախարար Միրզոյանը նշել է, որ Ադրբեջանը, խախտելով 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և Արդարադատության միջազգային դատարանի՝ փետրվարի 22-ի որոշումը, ոչ միայն քայլեր չի ձեռնարկում Լաչինի միջանցքի արգելափակման վերացման ուղղությամբ, այլև ապրիլին տեղադրած ապօրինի անցակետի միջոցով խաթարում է նույնիսկ Կարմիր խաչի միջազգային կազմակերպության կողմից առողջական խնդիրներ ունեցող անձանց տեղափոխումը:
Արարատ Միրզոյանը, բարձր գնահատելով մինչ օրս միջազգային գործընկերների, այդ թվում նաև՝ Կիպրոսի կողմից արված հասցեական ուղերձները, կարևորել է տարբեր հարթակներում ջանքերի համադրման և Լաչինի միջանցքի արգելափակման վերացման հրատապությունը: Կիպրոսի ԱԳ նախարարը վերահաստատել է այս հարցում իր երկրի մոտեցումը։ Երկուստեք ընդգծվել է Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի որոշումների իրականացման անհրաժեշտությունը։

Related posts

Հաճախակի են դառնում դեպքերը, երբ օձերին վնասում են՝ լրջորեն վտանգելով և՛ իրենց, և՛ կենդանիների կյանքը․ ՇՄՆ զգուշացումը

Հրդեհ Առնո Բաբաջանյան փողոցի նորակառույց չբնակեցված շենքերից մեկում

Արման Խաչատրյանը համատեղության կարգով նշանակվել է Մոնակոյում ՀՀ դեսպան