ՀՀ ԱԳՆ-ն խստորեն դատապարտում է Ադրբեջանի ԶՈւ կողմից հրադադարի ռեժիմի կոպտագույն խախտումը

Նոյեմբերի 8-ին ադրբեջանական կողմը կրակ է բացել Ստեփանակերտ-Շուշի ճանապարհահատվածի մերձակայքում՝ ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտում, ենթակառուցվածքների վերականգնման նպատակով շինարարարական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձանց ուղղությամբ, ինչի հետևանքով երեք հոգի վիրավորվել են, իսկ մեկ հոգի՝ զոհվել:

Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի զինված ուժերի կողմից 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությամբ հաստատված հրադադարի ռեժիմի կոպտագույն խախտումը։ Հատկանշական է, որ միջադեպը տեղի է ունեցել եռակողմ հայտարարության ստորագրման մեկամյակի նախօրեին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Շուշի այցի օրը, որտեղ վերջինս իր ելույթում հանդես է եկել հերթական հայատյաց հռետորաբանությամբ լի հայտարարությամբ և ուժի կիրառման սպառնալիքներով։

Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության շարունակական հայատյաց հռետորաբանությունը և հրադադարի ռեժիմի խախտմամբ կրկնվող միջադեպերը բացահայտորեն ի ցույց են դնում Հայաստանի և հայ ժողովրդի հետ հարաբերությունները կարգավորելու վերաբերյալ պաշտոնական Բաքվի կողմից հնչող հայտարարությունների սին բնույթը։

Հարկ է նշել, որ ադրբեջանական զինված ուժերի կողմից սա վերջին մեկ ամսվա ընթացքում խաղաղ բնակիչների վրա հարձակման երկրորդ դեպքն է, որի արդյունքում արձանագրվում են մարդկային զոհեր։ Վստահ ենք, որ այս և նման հանցագործությունների պատշաճ հետաքննությունը և բոլոր պատասխանատուների արդարադատության առջև կանգնելը կարող է կանխել քաղաքացիական բնակչության նկատմամբ հետագա հարձակումները։

Ցավակցություն ենք հայտնում զոհվածի հարազատներին և շուտափույթ ապաքինում մաղթում բոլոր վիրավորներին։

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան