ՀԾԿՀ-ն տուգանել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» և «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ-ներին

ՀԾԿՀ-ն այսօրվա նիստում տուգանել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին՝ 10 մլն դրամի և «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ-ին՝ 1 մլն դրամի չափով։
«Մասնավորապես՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի նկատմամբ տուգանքի կիրառումը պայմանավորված է ընկերության լիցենզիայի պայմանների 37-րդ և 38-րդ կետերի խախտման հանգամանքով, այն է՝ ընկերությունը 2025 թվականի փետրվարի 1-ից էլեկտրաէներգետիկական շուկայի մրցակցային հատված դուրս գալու պարտադրանք ունեցող սպառողների մասով ներկայացրել է ոչ հավաստի տեղեկատվություն, ինչն ավելի ուշ ճշտվել է, սակայն ժամանակին ճշգրիտ տեղեկատվության չներկայացման արդյունքում խոչընդոտվել է հանձնաժողովի՝ կարգավորման գործառույթների պատշաճ իրականացումը, ինչպես նաև խախտվել են մի խումբ սպառողների իրավունքները և օրինական շահերը։
«Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ-ի նկատմամբ տուգանքի կիրառումը պայմանավորված է էլեկտրաէներգետիկական հաղորդման ցանցային կանոնների 84-րդ և 152.1-ին կետերով սահմանված պահանջների խախտման հանգամանքով, այն է՝ համակարգի օպերատորի կարգավարական հրահանգով 2025 թվականի հունվարի 2-ին՝ ժամը 14։00-ից մինչև հունվարի 4-ը՝ ժամը` 14։00-ը, «Արմփաուեր» ՓԲԸ-ի էներգաբլոկն անջատվել է՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում առաջացնելով էլեկտրական էներգիայի գնման ծախսի ավելացում, մինչդեռ նշված կանոնների 84-րդ և 152.1-ին կետերի համաձայն համակարգի օպերատորը էլեկտրական էներգիայի տարեկան հաշվեկշռի ճշտումները կատարելիս կարող էր փոխել «Արմփաուեր» ՓԲԸ-ի կայանի արտադրության գրաֆիկը՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի էլեկտրական էներգիայի գնման ծախսերը նվազագույնի հասցնելու նպատակով»,- ասված է ՀԾԿՀ-ի տարածած հաղորդագրության մեջ։

Related posts

Սյունիքի նախկին մարզպետն ու ընտանիքը հրավիրվել են ապօրինի գույքի բռնագանձման գործերով վարչություն

Տարեվերջին կամ մյուս տարի Վերին Լարսի ձյունահյուսավտանգ հատվածը շրջանցող ճանապարհը պատրաստ կլինի. ՏԿԵ փոխնախարար

Սպասվում է փոփոխական եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա