Հիմա բոլորը գտել են մի հարմար դավաճան և բոլոր մեղքերը բարդում են իր վրա. Հրանտ Խաչատրյան (տեսանյութ)

 

«Երանի այն ժողովրդին, ում առաջնոդը կդառնա նաև լավ ղեկավար»․Գերագույն խորհրդի և Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հրանտ Խաչատրյանը խորհրդարանում լսումների ժամանակ իր ելույթը հենց այս խոսքով սկսեց, ապա հավելեց․

«Հիմա բոլորը գտել են հարմար դավաճան և բոլոր մեղքերը բարդում են նրա վրա։ Ասում են՝ խաբել է մեզ. խաբողը սրիկա է, խաբվողը՝ հիմար, մենք պետք է ընտրենք, թե այդ երկուսից որ դասակարգման մեջ ենք: Ինձ ոչ ոք չի խաբել»,- հավելեց նա։

Խաչատրյանն անդրադարձավ ԼՀԿ-ի կողմից ներկայացված՝ իրավիճակից դուրս գալու ճանապարհային քարտեզին․

«Մենք եկել ենք քննարկելու փաստաթուղթ, որը ԱԺ խմբակցության կողմից է առաջադրված և առոչինչ է: Ոչնչով չի տարբերվում գործադիր իշխանության ղեկավարի ստորագրած փաստաթղթից: Ինչո՞ւ. որովհետև այստեղ չի գրված, որ ԱԺ-ն՝ հանձին հայ ժողովրդի, մերժում է միջազգային իրավունքի նորմերին հակասող այդ փաստաթղթի բովանդակությունը»,- նշեց Խաչատրյանը։

Գերագույն խորհրդի նախկին պատգամավորը հարց ուղղեց ընդդիմադիր գործիչներին․

«Ասում եք՝ նոր ղեկավար, նոր արդյունքներ՝ հայանպաստ արդյունքներ: Քանի անգամ ենք լսել այս ամբիոնից հայանպաստ արդյունքներ, ո՞վ է ասել այստեղից, ո՞րն է հայանպաստը»։

Վերջինս երկու առաջարկ հնչեցրեց․

« Իշխանության եկող որևէ ուժ, իսկ դա լինելու է,  չի կարող ընդունել նույնպիսի մի խայտառակ փաստաթուղթ, որի բեռի տակ մենք 100 տարի ճռռում ենք ամբողջ ազգով: Խոսքը Մոսկվայի պայմանագրի, Կարսի պայմանագրի մասին է և դրա շարունակության: ԱԺ-ն առաջին հերթին պետք է մերժի այդ փաստաթղթի բովանդակությունը, դա կբերի պատերազմի թե ոչ, ես դրան չեմ անդրադառնա, համենայնդեպս ԱԺ-ն բաց նիստում պետք է քննարկի այդ հարցը: Երկրորդ՝ խոսում ենք Արցախի կարգավիճակի մասին: 30 տարի առաջ դավադրություն է տեղի ունեցել հայ ժողովրդի ազգային շահերի նկատմամբ: 30 տարի առաջ Հայաստանին վերամիավորված Արցախն անջատվել ու անկախացել է Հայաստանից: Կարճ կասեմ՝ դա մի բան է նշանակում. Հայաստանի իշխանությունները միջազգային իրավունքի վերմակը քաշել են իրենց վրա և Արցախին դուրս թողել»,- նշեց Խաչատրյանը:

Խաչատրյանը հայտարարեց՝ պատերազմը դավադիր էր սկզբից մինչև վերջ, դավադիր էր 30 տարի առաջ տեղի ունեցածի պատճառով։

ԱԺ-ն պարտավոր է քննարկել և որոշել Արցախի կարգավիճակը ինքնուրույն՝ առանց որևէ մեկին խնդրելու կամ դիմելու, եզրափակեց նախկին պատգամավորը։

Related posts

Քրեակատարողական ծառայողները հանձնուքում առկա վերնազգեստի վրա հայտնաբերել են թմրանյութի նմանվող հետքեր

Հուլիսից Գերմանիայի վիզայի դիմումների ընդունման կարգը կփոխվի

Առաջիկա օրերին փոփոխական եղանակը կպահպանվի. ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով