Հաստատվել է աղետի գոտու տուժած ընտանիքներին սոցիալական աջակցության միջոցառումը և տրամադրման կարգը . զոհված անձի ընտանիքին կտրամադրվի 1 միլիոն դրամ

Գործադիրը չզեկուցվող հարցերի փաթեթով հաստատել է նաև Լոռու և Տավուշի մարզերում մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների պատճառով տուժած ընտանիքներին սոցիալական աջակցության միջոցառումը և տրամադրման կարգը: Հեղեղումների պատճառով այդ մարզերում շուրջ 250 ընտանիքներ բախվել են տարաբնույթ սոցիալական խնդիրների հետ։ Մասնավորապես բնակության համար նախատեսված անշարժ գույքը վնասվելու (այդ թվում նաև կենցաղային ապրանքների, հագուստի և առաջին անհրաժեշտության այլ պարագաների) կամ ընտանիքի անդամի կորստի պատճառով ընտանիքները բախվել են ֆինանսական խնդիրների հետ և ունեն սոցիալական աջակցության կարիք։ Ըստ այդմ՝ առաջարկվում է հեղեղումների պատճառով տուժած ընտանիքներին միանվագ դրամական օգնության ձևով՝ անկանխիկ եղանակով տրամադրել սոցիալական աջակցություն, զոհված անձանց ընտանիքների դեպքում՝ 1 000 000 դրամի չափով, Լոռու մարզի Ալավերդի համայնքի և Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Այրում բնակավայրի դեպքում՝ ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվարկով՝ 60 000 դրամի չափով, Լոռու մարզի Թումանյան, Փամբակ, Տաշիր, Ստեփանավան, Գյուլագարակ համայնքների և Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Արճիս, Բագրատաշեն, Դեբեդավան, Հաղթանակ, Պտղավան բնակավայրերի և Դիլիջան ու Իջևան համայնքների դեպքում՝ ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվարկով՝ 40 000 դրամի չափով։

Related posts

Եվրոպական մի շարք երկրներ պայքարում են արագ տարածվող անտառային հրդեհների դեմ

ՊՆ զորավարժադաշտում ականանետային կրակոցի պայթյունի հետևանքով կան տուժածներ. ՊՆ

Միջազգային քրեական դատարանը Աֆղանստանի ղեկավարներին ձերբակալելու օրդեր է տվել