ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն անհրաժեշտ է համարել ՀՀ-ին օգնություն ցուցաբերելու մասին որոշման նախագծի ստորագրումը

Հայաստանին օգնություն ցուցաբերելու միջոցառումների մասին ՀԱՊԿ անվտանգության խորհրդի որոշման նախագիծը պետք է ստորագրել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը՝ Մոսկվայում կայացած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի համատեղ նիստում:

«Պետությունների ղեկավարների հանձնարարությամբ Հայաստան է ուղարկվել մոնիթորինգային առաքելություն ՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի և օպերատիվ շտաբի պետի գլխավորությամբ։ Այդ աշխատանքի արդյունքում մշակվել է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագիծը Հայաստանի Հանրապետությանը օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին, որը քննարկվել է անվտանգության խորհրդի նոյեմբերի 23-ի նստաշրջանում: ՀԱՊԿ պետությունների տարբեր դիրքորոշումների պատճառով այդ նախագիծն ընդունել չհաջողվեց:

Հուսով եմ, որ որոշակի լրամշակումից հետո կհասնենք այս որոշման նախագծի ստորագրմանը և համապատասխան միջոցների ձեռնարկմանը։Վստահ եմ, որ դա անհրաժեշտ է, այդ թվում ՝ Հայաստանի համար»,- ընդգծել է Զասը:

Զասը ընդգծել է, որ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը շարունակում է մնալ ծանր: Նրա խոսքով՝ չնայած ՀԱՊԿ անդամ երկրների անհամապատասխան գնահատականներին տարածաշրջանում տիրող իրավիճակի վերաբերյալ, բոլոր պետությունները համաձայն են, որ ներկա պայմաններում Հայաստանը բախվում է ռիսկերի և սպառնալիքների:

«Այդ իսկ պատճառով մշակվել է Հայաստանին օգնություն ցուցաբերելու վեց կետանոց միջոցառումների համալիր, որը հավանության է արժանացել բոլոր պետությունների կողմից, սա միջոցառումների բավականին ծանրակշիռ փաթեթ է», – պարզաբանել է կազմակերպության գլխավոր քարտուղարը։

Related posts

Հաճախակի են դառնում դեպքերը, երբ օձերին վնասում են՝ լրջորեն վտանգելով և՛ իրենց, և՛ կենդանիների կյանքը․ ՇՄՆ զգուշացումը

Հրդեհ Առնո Բաբաջանյան փողոցի նորակառույց չբնակեցված շենքերից մեկում

Արման Խաչատրյանը համատեղության կարգով նշանակվել է Մոնակոյում ՀՀ դեսպան