Հանդիպել են Ալեն Սիմոնյանն ու Կիպրոսի նախագահի հանձնակատարը

Կիպրոս կատարած պաշտոնական այցի եզրափակիչ օրը ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Կիպրոսի Հանրապետության նախագահի հանձնակատար Ֆոտիս Ֆոտիուին:

Նախագահի հանձնակատարը, ողջունելով հյուրերին, Կիպրոսի նախագահի բարեմաղթանքներն է փոխանցել` ափսոսանք հայտնելով, որ նա աշխատանքային այցով օրեր առաջ մեկնել է երկրից:

ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել հանդիպման եւ ջերմ ընդունելության համար` հավելելով, որ հայերի ու կիպրացիների արժեհամակարգի ու աշխարհընկալման ընդհանրությունները հայ-կիպրական դարավոր բարեկամության հենքն են:

Երկուստեք կարեւորվել են Հայաստանի ու Կիպրոսի կողմից ցեղասպանությունների կանխարգելմանն ուղղված շարունակական ջանքերը, ինչպես նաեւ՝ միասնական պայքարը համամարդկային իրավունքների ու արժեքների պահպանման եւ արդարության վերականգնման հարցերում: Ալեն Սիմոնյանն անգնահատելի է համարել եղբայրական Կիպրոսի իշխանությունների եւ խորհրդարանի բոլոր գործընկերների սկզբունքային դիրքորոշումը Հայաստանին եւ հայ ժողովրդին առնչվող բոլոր կենսական հարցերում:

Նախագահի հանձնակատարը, անդրադառնալով հայ-կիպրական հարաբերությունների զարգացման հեռանկարներին, կարեւորել է Կիպրոսի հայ համայնքի դերը: Նա ՀՀ ԱԺ նախագահին մանրամասներ է ներկայացրել  հայկական դպրոցների եւ եկեղեցու պահպանման գործում պետական հոգածության մասին:

Անդրադարձ է եղել հայկական եւ կիպրական սփյուռքին` կարեւորելով սփյուռքի գործոնը համատեղ խնդիրների բարձրաձայնման եւ անհրաժեշտ լուծումներ նախանշելու հարցերում:

Կողմերն անդրադարձել են Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական ռազմական ագրեսիային` այս համատեքստում քննարկելով անհետ կորածների, ռազմագերիների եւ պատանդության մեջ գտնվողների թեման:

Նախագահի հանձնակատարն ընդգծել է, որ Հայաստան-Կիպրոս-Հունաստան եռակողմ հարաբերությունները Կիպրոսի առաջնահերթություններից են: Նա տեղեկացրել է, որ այդ շրջանակում  նախատեսվում է հայերի եւ պոնտոսցի հույների ցեղասպանություններին վերաբերող ցուցահանդես բացել Հունաստանի հայաշատ Սալոնիկ քաղաքում:

Հանդիպման ավարտին կողմերը վստահություն են հայտնել, որ համատեղ ծրագրերի իրականացումը նշանակալի ներդրում կունենա Հայաստանի եւ Կիպրոսի միջեւ առկա գերազանց հարաբերությունների առավել ընդլայնման եւ բազմաբնույթ համագործակցության նոր հնարավորությունների  նախանշման հարցում:

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան