Հանգիստ թողեք Քոչարյանին, մենք Փաշինյանին չենք բերել իշխանության, դա աբսուրդ է․ Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է Հայկական համալսարանի ունկնդիրների և դասախոսների հետ։ Հանդիպման ընթացքում Սարգսյանն անդրադարձել է մի շարք քաղաքական խնդիրների ույ պատասխանել է ներկաների հարցերին։

Ես Ռոբերտ Քոչարյանին թշնամի չեմ համարում։ Իմ կռիվը ոչ թե Հայաստանում հեղինակություն ունենալու համար է, իմ կռիվը ՀՀ-ում իշխանափոխություն ունենալու համար է։ Ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Ապրիլի 24-ին լրագրողներին խնդրեցի, որ հանգիստ թողնեն Ռոբերտ Քոչարյանին: Հիմա էլ ձեզ եմ խնդրում, հանգիստ թողեք: Համենայն դեպս ես Ռոբերտ Քոչարյանին թշնամի չեմ համարում: Իմ կռիվը ոչ թե Հայաստանում հեղինակություն ունենալու համար է, իմ կռիվը Հայաստանում իշխանափոխության համար է։ Ես չեմ կարծում, որ աշխարհում գոյություն ունեն երկրներ, որտեղ նախկին նախագահները 100%-ով ամեն ինչում համաձայն են իրար հետ։ Իհարկե, տարբեր հարցերում կարող ենք տարբեր կարծիքներ ունենալ։ Դա գործին օգնում է, թե խանգարում է, դա էլ խնդիր է, բայց նորից եմ ասում, արդար կլիներ ձեր կողմից, հարցը հնչեցնել նաև երկրորդ նախագահին», – նշել է Սերժ Սարգսյանը։

Սարգսյանն անդրադարձել է նաև այն պնդումներին, թե Նիկոլ Փաշինյանին իշխանության բերել է ինքն ու իր քաղաքական թիմը։

«Վերջին ամսիներին տեսակետներ են տարածում, թե այսօրվա կառավարչին պատրաստել ենք, որ 2018-ին իշխանություն հանձնենք, որ նա էլ 2019-ին վերադարձնի մեզ։ Կներեք, դա ուղղակի աբսուրդ է»,- ընդգծել է Սերժ Սարգսյանը:

Խոսելով տարիներ առաջ համաներմամբ Նիկոլ Փաշինյանին բանտից ազատելու մասին՝ ՀՀ երրորդ նախագահը նշել է. «Համաներումն անձնական ակտ չէ, դրա համար էլ կոչվում է համաներում։ 2008-ից հետո Հայաստանում թշնամության պակաս չկար, հասարակությունը համերաշխ չէր։ Հասարակական համերաշխությունն ազգային անվտանգությունն ապահովող ամենակարևոր հանգամանքն է: Համաներման ժամանակ չէինք ասելու՝ սա՛, սա՛, սա՛, բացի կոնկրետ մարդուց»:

Ինչո՞ւ Ռադիոտուն ներխուժելուց հետո չձերբակալեցինք ու չկալանավորեցինք Փաշինյանին, որովհետև այդ ժամանակահատվածում չէինք գնահատում, որ փողոցում կար այնքան մարդ, որոնք ի զորու են իշխանափոխություն իրականացնել. այս մասին Հայկական համալսարանի ունկնդիրների և դասախոսների հանդիպման ժամանակ ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

Նա ընդգծել է, որ «նման շարժումների պատմությունը ցույց է տալիս, որ ինչքան ուժ ես կիրառում, այնքան մարդկանց քանակն ավելանում է»:

«2016-ին Սասնա ծռերը գրավեցին ՊՊԾ գունդը, շատերը խորհուրդ էին տալիս մեծ ուժ գործադրել ու ավարտել պատմությունը։ Ես ասում էի՝ ինչպես եք պատկերացնում 30-ից ավելի դիակներից հետո հասարակության վիճակը։ Ես ասում էի, ավելի լավ է իրավիճակը վտանգենք, քան երկրի ապագան։ Կամաց-կամաց հարցը լուծվեց ու մեղավորները ստացան արժանի պատիժ։ Հետահայաց կարելի է ասել, եթե այսպես անեիք, ամեն ինչ լավ կլիներ»,- նշել է երրորդ նախագահը։

Related posts

Փրկարարները 2-ամյա Տիգրանին փնտրում են Մարմարիկ գետում․ ծնողներն այդ վարկածին հակված չեն

Բաքուն պարզաբանման է սպասում Ռուսաստանից

Վարչապետի աշխատակազմը հայտարարում է մրցույթ՝ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար