Հայ-թուրքական երկխոսությունը վերջին շրջանում թափ է հավաքում. Զախարովա

Մոսկվան աջակցում է Երևանի և Անկարայի միջև փոխադարձ հարգալից երկխոսության վերսկսմանը, ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Այն (երկխոսությունը) մեկնարկել է մեր անմիջական մասնակցությամբ՝ 2022 թվականի հունվարին: Մենք համոզված ենք, որ նման ջերմացումը, կարելի է ասել, կնպաստի Հարավային Կովկասի ընդհանուր իրավիճակի բարելավմանը և նշանակալի ներդրում կունենա տարածաշրջանում երկարաժամկետ կայունության հաստատման գործում»,- ասել է Զախարովան։

Նա նշել է, որ գործընթացը վերջին շրջանում թափ է հավաքում:

«Մենք պատրաստ ենք շարունակել անհրաժեշտ օգնությունը», – հավելել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

Նախօրեին Թուրքիայի հետ բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ, ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն ասել էր, որ հայ-թուրքական սահմանի «Մարգարա» անցակետը նախատեսվում է գործարկել այս տարվա ամռանը։

«Կան պայմանավորվածություններ, և այժմ աշխատանքներ են տարվում դրանք կյանքի կոչելու ուղղությամբ»,- ընդգծել էր Ռուբինյանը։ Նա նաև վստահեցրել էր, որ բանակցությունների ընթացքում Թուրքիայի կողմից ճնշում չի եղել, հատկապես՝ Հայաստանի կողմից Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրման հարցում։

Related posts

Եվրամիությունը պատրաստ է շարունակել ֆինանսական աջակցությունը Հայաստանին. Մարթա Կոս

ԲԸՏՄ-ն վարույթ է հարուցել Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը դիմել է արդարադատության նախարարին՝ ընտրական հանցագործությունների դեմ օրենսդրական խստացումներ նախաձեռնելու առաջարկով