Հայ Առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան տոնը

Հունվարի 6-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը, որը Հիսուսի Սուրբ Ծննդյան և մկրտության հիշատակումն է:

Հունվարի 6-ի առավոտյան մատուցվում է Սուրբ Պատարագ, որից հետո կատարվում է Ջրօրհնեքի կարգ (ըստ ավանդույթի` խաչը ջուրն իջեցնելը խորհրդանշում է Հիսուսի Հորդանան գետը մտնելը): Պատարագիչը խաչով, ապա մյուռոնով օրհնում է ջուրը և հավատացյալներն այդ ջրից տուն են տանում, որպես օրհնություն ու բուժիչ դեղ հիվանդների համար: Այնուհետև քահանան այցելում է հավատացյալների տներն` ավետելու Հիսուս Քրիստոսի Ծնունդը: Այստեղից էլ առաջացել է Տնօրհնեքի կարգը:

Հիսուսի ծնունդն այսպես է եղել. Օգոստոս կայսեր հրամանով՝ կայսրությունում մարդահամար է անցկացվում: Յուրաքանչյուր ոք գնում է իր ծննդավայրը` գրանցվելու: Հովսեփն էլ Սուրբ Կույս Մարիամի հետ Բեթղեհեմ է գալիս: Երբ Սուրբ Կույսի հղության օրերը լրանում են, և ոչ մի պանդոկում գիշերելու տեղ չի գտնվում, նրանք ստիպված մի քարայրի մեջ են տեղավորվում, ուր ծնվում է Հիսուսը:

Աստծո Որդին ծնվում է մի անփառունակ քարայրում` աղքատության մեջ, ինչը մեր հոգիների ճշմարիտ խորհրդանշանն է: Ծննդյան վկաները մոտակայքի հովիվներն էին, որոնց հրեշտակներն էին տեղեկացրել Փրկչի Սուրբ Ծննդյան մասին` երգելով. «Փառք Աստծուն՝ բարձունքներում և երկրի վրա խաղաղություն և հաճություն՝ մարդկանց մեջ» (Ղուկ. 2:14):

Այնուհետև արևելքից մոգեր են գալիս, ում մի աստղ էր առաջնորդել, և երկրպագում Մանուկին, ընծաներ մատուցում և գնում իրենց երկրները:

Related posts

Հաճախակի են դառնում դեպքերը, երբ օձերին վնասում են՝ լրջորեն վտանգելով և՛ իրենց, և՛ կենդանիների կյանքը․ ՇՄՆ զգուշացումը

Հրդեհ Առնո Բաբաջանյան փողոցի նորակառույց չբնակեցված շենքերից մեկում

Արման Խաչատրյանը համատեղության կարգով նշանակվել է Մոնակոյում ՀՀ դեսպան