Հայ Առաքելական եկեղեցին բռնազավթված է մի կլանի կողմից. Նիկոլ Փաշինյան

Ազգային ժողովում 2024 թվականի պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման ամփոփիչ ելույթի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև Հայ Առաքելական եկեղեցու հետ հարաբերություններին՝ նկատելով, որ փորձ է արվում ներկայացնել, թե իշխանությունը պայքարում է Եկեղեցու դեմ, սակայն իրականում կանգնել են Եկեղեցու սրբության սրբոցը, նվիրապետությունը պաշտպանելու դիրքերում:

«Մենք այսօր այլ բան չենք անում, քան Եկեղեցու՝ 356 թվականի Աշտիշատի ժողովով հաստատված նվիրապետությունը պաշտպանելն է: Աշտիշատի ժողովում սահմանվեց, որ Եկեղեցու վերնախավը պետք է լինի կուսակրոն: Ինչո՞ւ: Առաջինը՝ դավանաբանական հիմնավորումներով»,- նշեց վարչապետը՝ ընդգծելով, որ այս որոշման տրամաբանության մեջ նաև այն էր, որ Եկեղեցու ունեցվածքի նկատմամբ ուղղակի կամ անուղղակի ժառանգական իրավունքներ չծագեն, քանի որ Ամենայն Հայոց կաթողիկոսը Հայ Առաքելական եկեղեցու գույքի տերն է երկրի վրա:

«Եթե Հայ Առաքելական եկեղեցու կաթողիկոսն ունի ժառանգներ, այստեղ անխուսափելիորեն ծագում է ժառանգականության իրավունքը: Կուսակրոնության նվիրապետության ուխտը նաև նրա համար է սահմանվել, որ անձնավորված որոշումներ չլինեն, իսկ այսօր հակառակ պատկերն ունենք: Մոմի գործին նայողը կաթողիկոսի՝ Կտրիճ Ներսիսյանի եղբոր տղան է, ամենամեծ թեմի առաջնորդը Կտրիճ Ներսիսյանի եղբայրն է, մյուս թեմի առաջնորդը քրոջորդին է և այլն»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝  Հայ Առաքելական եկեղեցին բռնազավթված է մի կլանի կողմից, և իրենք ոչ թե Եկեղեցու դեմ են պայքարում, այլ պայքարում են Եկեղեցու արժեքների և նվիրապետության համար:

«Ո՞վ է Կտրիճ Ներսիսյանին իրավունք տվել հրահանգ տալ ամուսնացյալ քահանային: Դա անարգանք  է բոլոր ամուսնացյալ քահանաների նկատմամբ: Մարդիկ, որոնք խոսում են այս իրավիճակի պաշտպանության մասին, նրանք քար առ քար քանդում են Հայ Առաքելական եկեղեցին, նրա նիվրապետությունը, նրա արժեքը, քանդում են: Հիմա վերջին ավերակներն են ուզում տան, և մենք դա թույլ չենք տալու: Ես ասում եմ դա որպես մարդ, ով ունի հոգևոր զգացմունքներ»,- հայտարարեց վարչապետը՝ մեղադրելով եկեղեցին պղծելու մեջ:

Անդրադառնալով իշխանության հասցեին հնչող մեղադրանքներին, թե Եկեղեցու դեմ խոսելով իշխանությունը կատարում է թուրքերի ու ադրբեջանցիների ուզածը, նկատեց՝ դա մեր իրականության ամենախոշոր և ամենապրոբլեմատիկ խոսույթն է:

Related posts

Քննչական կոմիտեի նախագահը ներկայացրել է վարչությունների նորանշանակ պետերին

Որոշակի հավանականությամբ այն կարող է դառնալ և՛ ՍԴ վեճի, և՛ Եվրոպական դատարանի վեճի առարկա. Զեյնալյանը՝ եկեղեցու շուրջ բանավեճի մասին

ՆԳՆ ոստիկանության պետն աշխատանքային այց է կատարել Շիրակի մարզ․ օպերատիվ խորհրդակցություն է եղել