Հայտնի են 1-ին քննաշրջանի էքստեռն ավարտական քննությունների օրերը

ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է 2024 թվականի 1-ին քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների կազմակերպման ու անցկացման աշխատակարգը և ժամանակացույցը:

Ինչպես հայտնում են ԿԳՄՍՆ-ից, քննություններն անցկացվելու են 2024 թ փետրվարի 15-ից մինչև մարտի 15-ը ներառյալ:

Հիմնական կրթության վկայական ստանալու համար դրսեկները 2024 թվականի 1-ին քննաշրջանի ընթացքում «Համաշխարհային պատմություն», «Հայաստանի աշխարհագրություն», «Աշխարհագրություն», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն» առարկաների քննությունները հանձնում են գրավոր:

«Հայոց եկեղեցու պատմություն», «Հասարակագիտություն», «Ինֆորմատի­կա», «ՆԶՊ և անվտանգ կենսագործունեություն», «Ռուսաց լեզու», «Ռուս գրականություն» (ռուսերենով ուսուցում ստացած դրսեկների համար), «Օտար լեզու» («Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն», այլ լեզուներ՝ սովորողի ընտրությամբ), «Գրականություն» առարկաների քննությունները հանձնում են բանավոր: «Ֆիզկուլտուրա» առարկայից հանձնում են ստուգարք (նորմատիվների հանձնում): Քննական հարցատոմսերը կազմում են էքստեռն քննություններ ընդունող դպրոցի համապատասխան մեթոդական միավորումները` առնվազն 10 հարցատոմս յուրաքանչյուր առարկայից, գնահատման 10 բալային համակարգով:

Միջնակարգ կրթության ատեստատ ստանալու համար դրսեկները 2024 թվականի 1-ին քննաշրջանի ընթացքում «Համաշխարհային պատմություն», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբա­նու­թյուն», «Աշխարհա­գրություն», «Օտար լեզու» («Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն», այլ լեզուներ՝ սովորողի ընտրությամբ), «Ռուսաց լեզու» առարկաների քննությունները հանձնում են գրավոր:

Քննական թեստերը կազմում է ԳԹԿ-ն՝ առնվազն 4 թեստ յուրաքանչյուր առարկայից` գնահատման 20 բալային համակարգով:

Հիմնական կրթության վկայականում և միջնակարգ կրթության ատեստատում ավարտական և պետական ավարտական քննական առարկանները գնահատվում են 20 բալային համակարգով, իսկ տարեկան գնահատականները նշանակվում են` 20 բալային համակարգից գնահա­տա­կան­ները վերածելով 10 բալային համակարգի:

Բանավոր քննությունները գնահատվում են 10 բալային համակարգով և համարվում են տարեկան գնահատականներ:

Գնահատականները գրանցելիս գնահատման 20 բալային համակարգից 10 բալային համակարգին անցման համապատասխանությունը կատարվում է համաձայն հետևյալ սանդղակի ՝

8-9 միավոր – 4

10-11 միավոր – 5

12-13 միավոր – 6

14-15 միավոր – 7

16-17 միավոր – 8

18-19 միավոր – 9

20 միավոր – 10

Դրսեկության ձևով քննությունները դրսեկները հանձնում են՝ համաձայն հետևյալ ժամանակացույցի:

Հավելենք, որ քննություններն անցկացվելու են Երևանի թիվ 198 ավագ դպրոցում (հասցե՝ Նոր Նորք վարչական շրջան, 9-րդ զանգված, Վիլնյուսի 13/1):

Մանրամասների համար զանգահարել` (091) 19-56-10 և (010) 66-72-50 հեռախոսահամարներով:

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան