«Հայկական Կարմիր խաչի» ընկերությունը պատվոգիր է ստացել առողջապահության նախարարությունից

Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը պատվոգիր է հանձնել «Հայկական Կարմիր խաչի» ընկերության գործադիր տնօրեն Աննա Եղիազարյանին՝ Հայաստանի մարզերում և Երևանում COVID-19-ի դեմ պատվաստումների գործընթացին աջակցելու, կամավորների միջոցով հանրության իրազեկման աշխատանքները կազմակերպելու համար:
«Շատ կարևոր էր «Հայկական Կարմիր խաչի» աջակցությունը՝ պատվաստումների գործընթացի կազմակերպման արդյունավետության բարձրացման գործում: Մենք զգացինք, որ մենակ չենք, և ընկերությունը կանգնած է պետության կողքին: Առանձնահատուկ ուզում եմ նշել կամավորների նվիրվածությունը:
Տպավորված ենք, թե ինչ մեծ արագությամբ նրանք կազմակերպված ձևով Ազատության հրապարակը վերածեցին պատվաստման կետի և, թե որքան սրտացավ էին վերաբերվում պատվաստվողներին: Շատ շնորհակալ ենք համագործակցության համար, քանի որ, եթե մենք այսօր ասում ենք, որ բնակչության մեծամասնությունը ստացել է պատվաստման առաջին դեղաչափը, այստեղ դուք ունեցել եք ձեր ներդրումը»,- հանձնելով պատվոգիրը՝ նշել է Լենա Նանուշյանը:

ՀԿԽԸ գործադիր տնօրեն Աննա Եղիազարյանը առողջապահության նախարարի առաջին տեղակալին է ներկայացրել ընկերության գործունեության ռազմավարական ուղղությունները և դրանց փոխկապակցվածությունը՝ աշխատանքների առավել արդյունավետ կազմակերպման տեսանկյունից, մասնավորապես՝ սոցիալ-առողջապահական ուղղությամբ իրականացվող ծրագրերը:

«Շնորհակալ եմ արդյունավետ համագործակցության համար: ՀԿԽԸ-ն՝ որպես աջակցող կառույց կառավարությանը մարդասիրական ոլորտում մշտապես կանգնած է ձեր կողքին՝ մոբիլիզացնելով մարդկային և ֆինանսական ռեսուրսներ և աջակցելով այն ուղղություններում, որտեղ մեր կարիքը կա»,- ասել է Աննա Եղիազարյանը՝ հավելելով. «Այս պատվոգիրը շատ պարտավորեցնող է և ոգևորող՝ հատկապես մեր կամավորների համար»:

Քննարկվել են նաև հետագա համագործակցության հարցեր՝ պատվաստումների վերաբերյալ առավել թիրախային իրազեկման, Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնում պալիատիվ խնամքի կազմակերպման, հոգեբանական ծառայության կարևորության և այլ թեմաներով: ՀԿԽԸ գործադիր տնօրեն Աննա Եղիազարյանը Լենա Նանուշյանին նվիրել է «Հարյուր տարվա մարդասիրություն» գիրքը՝ նվիրված ՀԿԽԸ գործունեության 100-ամյակին:

Related posts

Եթե ՌԴ շուկան 100 տոկոսով բացվի, միևնույն է՝ ջանքեր ենք գործադրելու, որ դիվերսիֆիկացիան տեղի ունենա. Փաշինյան

Մեր ցանկությունն այն է, որ իրադրությունը հնարավորինս շուտ լուծվի. Փաշինյանը՝ Իրանին տնտեսական պատերազմ հայտարարելու մասին

Արմեն Աշոտյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել շուրջ 385 միլիոն դրամ, 3 անշարժ գույք