Հայաստանում հայտնաբերվել է աշխարհում գիտությանը մինչ օրս անհայտ միջատի տեսակ

Գերմանիայի էկոհամակարգերի հետազոտությունների ինստիտուտի գիտնականները Հայաստանում հայտնաբերել են աշխարհում գիտությանը մինչ օրս անհայտ միջատի տեսակ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC):

«Դաշտային աշխատանքների արդյունքում գիտնականները հայտնաբերել են միջատի տեսակ, որը մինչ այժմ անհայտ է եղել գիտությանը ոչ միայն Հայաստանի, այլև՝ ամբողջ աշխարհի մակարդակով: Սկզբնապես նմուշի պահպանման վիճակը ցույց է տվել, որ այն հիմնականում համապատասխանում է D. kondarella-ի և D. gaalhaszlerae-ի արտաքին տեսքին, սակայն օրգանների հետագա դիֆերենցիալ ախտորոշումը, ինչպես նաև՝ ԴՆԹ-ի շտրիխ կոդավորումը ցույց է տվել, որ տեսակը գիտությանը դեռևս անհայտ նմուշ է:

Գիտնականներ Հ. Ռովեկի և Ն. Սավենկովի կողմից Արարատի մարզի Ուրցաձորի շրջանից հավաքվել է միջատի մեկ էգ առանձնյակ:

Միջատն անվանակոչվել է Ուրցաձոր գյուղի պատվին՝ ստանալով Depressaria urtsadzorensis անունը»,- ասված է հաղորդագրությունում:

Արժեքավոր գտածոյի վերաբերյալ հրապարակվել է նաև գիտական հոդված, որտեղ հեղինակները մանրամասնորեն նկարագրել են իրենց փորձն ու կատարած աշխատանքը:

Related posts

Հաճախակի են դառնում դեպքերը, երբ օձերին վնասում են՝ լրջորեն վտանգելով և՛ իրենց, և՛ կենդանիների կյանքը․ ՇՄՆ զգուշացումը

Հրդեհ Առնո Բաբաջանյան փողոցի նորակառույց չբնակեցված շենքերից մեկում

Արման Խաչատրյանը համատեղության կարգով նշանակվել է Մոնակոյում ՀՀ դեսպան