Հայաստանն առաջարկել է Պարսից ծոց-Սև ծով միջանցք ստեղծել՝ Հնդկաստանը Ռուսաստանին և Եվրոպային միացնելու համար. The Economic Times

Հայաստանն առաջարկել է Պարսից ծոց-Սև ծով միջանցք ստեղծել՝ Հնդկաստանը Ռուսաստանին և Եվրոպային միացնելու համար։ Այս մասին գրում է The Economic Times հնդկական թերթը:

Նշվում է, որ առաջարկն արել է անցյալ շաբաթ հայկական բարձրաստիճան պատվիրակությունը, որն այցով եղել է Հնդկաստանում: Դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը նույնպես այցով գտնվում էր Հնդկաստանում։

«Առաջարկվող միջանցքը, որը կստեղծվի Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցքին զուգահեռ, կմիացնի Մումբայը Իրանի Բանդար Աբասին, այնուհետև կկապվի Հայաստանին և կընթանա դեպի Եվրոպա կամ Ռուսաստան՝ շրջանցելով Ադրբեջանը, որի հետ Հնդկաստանը ոչ այնքան ջերմ հարաբերություններ ունի՝ հաշվի առնելով վերջինիս սերտ կապերը Թուրքիայի և Պակիստանի հետ»,- նշել է օրաթերթը:

The Economic Times-ի դիտարկմամբ՝ Պարսից ծոց-Սև ծով միջանցքը համապատասխանում է Հնդկաստանի ծրագրերին, քանի որ վերջինս լրացուցիչ երթուղիներ է փնտրում դեպի Եվրոպա՝ շրջանցելով Սուեզի ջրանցքը և խուսափելով Ռուսաստանի և Արևմուտքի առճակատման բացասական հետևանքներից:

Հաշվի առնելով արտասահմանյան խոշոր ենթակառուցվածքային նախագծերին հնդկական ընկերությունների մասնակցության մեծ փորձը և Իրանի ու Վրաստանի տարածքով Հնդկաստան-Եվրոպա տրանսպորտային միջանցքի գործարկման հարցում Նյու Դելիի շահագրգռվածությունը՝ Հայաստանը նախատեսում է բանակցություններ սկսել Հնդկաստանի հետ՝ քննարկելու հնդկական ֆինանսավորման և հնդկական ընկերությունների ներգրավումը նախագծին։

Related posts

Հայաստանը մեծապես կարևորում է Եգիպտոսի հետ բազմոլորտ հարաբերությունների հետագա ընդլայնումն ու զարգացումը․ վարչապետը ուղերձ է հղել

Զինծառայողի մահվան դեպքի վարույթով հանրային քրեական հետապնդում է հարուցվել կրտսեր սերժանտի և շարքային զինծառայողի նկատմամբ

Դատախազը դատարան է հանձնել ԱԺ ընտրությունների ընթացքում «Միասնության թևեր» կուսակցության օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք տալու և ընտրակաշառք ստանալու վերաբերյալ քրեական վարույթի նյութերը