Հայաստանի և Վրաստանի քաղաքացիներն առանց մուտքի արտոնագրի կճամփորդեն. համաձայնագիրը վավերացնելու հարցը քննարկվել է հանձնաժողովի նիստում

Անկախությունից ի վեր Վրաստանի հետ բարիդրացիական եւ գործընկերային հարաբերությունների զարգացումը ՀՀ արտաքին քաղաքականության կարեւոր ուղղություններից մեկն է: Այս մասին Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի` հունիսի 19-ին կայացած արտահերթ նիստում ասել է Արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը` «Հայաստանի Հանրապետության եւ Վրաստանի միջեւ երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» նախագծի զեկուցման ընթացքում:

Այս մասին տեղեկանում ենք Ազգային ժողովից։

Օրենքի նախագիծը բխում է ՀՀ Կառավարության 2021-2026 թվականների ռազմավարությունից, համաձայն որի` Հայաստանը ցանկանում է ավելի խորացնել հարաբերությունները հարեւան Վրաստանի հետ` քաղաքական, տնտեսական, մշակութային ոլորտներում:

Փոխնախարարի խոսքով երկու երկրների միջեւ շուրջ 80 միջազգային պայմանագիր է գործում: ՀՀ Կառավարության ծրագրի արտաքին քաղաքականությանը վերաբերող հատվածում նշվում է Վրաստանի հետ առանձնահատուկ հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը:

«ՀՀ եւ Վրաստանի միջեւ գործում է քաղաքացիների համար առանց մուտքի արտոնագրի այցելության ռեժիմը: Ներկայումս ՀՀ քաղաքացիներն անձը հաստատող փաստաթղթով Վրաստանի հանրապետությունում կարող են գտնվել մինչեւ 1 տարի ժամկետով, Վրաստանի քաղաքացիները ՀՀ-ում` մինչեւ 180 օր` մեկ տարվա ընթացքում: Նոր համաձայնագրի` ուժի մեջ մտնելուց հետո ուժը կորցրած կճանաչվի 1993 թվականին ստորագրված` «ՀՀ եւ Վրաստանի հանրապետության քաղաքացիների` իրենց տարածքներով առանց վիզաների տեղաշարժման մասին» համաձայնագիրը», – ասել է նախարարի տեղակալը:

Վահան Կոստանյանը հիշեցրել է, որ 2020 թվականի մարտի 3-ին Հայաստանի եւ Վրաստանի վարչապետների կողմից ստորագրվել է «ՀՀ կառավարության եւ Վրաստանի կառավարության միջեւ քաղաքացիների տեղաշարժի դյուրացման մասին» մտադրությունների հուշագիրը: Կողմերը հայտնել են իրենց մտադրությունը համաձայնագիր կնքելու վերաբերյալ, որով երկու պետությունների քաղաքացիները ձեռք կբերեն միմյանց պետությունների տարածքներ նույնականացման քարտերով այցելելու իրավունք:

2023 թվականի հունվարի 12-ին ստորագրված «Հայաստանի եւ Վրաստանի միջեւ երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասինե համաձայնագրի (այսուհետ` Համաձայնագիր) նպատակն է հնարավորինս պարզեցնել երկու Կողմերի պետությունների տարածքներում քաղաքացիների փոխադարձ այցելությունները: Վրացական կողմը փետրվարի 2-ին ծանուցել է մեր երկրին Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար նախատեսված ներպետական ընթացակարգերի ավարտի մասին:

Նախագծի վերաբերյալ հարակից զեկույցով է հանդես եկել Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը: Նա հայտնել է, որ Վրաստանի խորհրդարանն արդեն վավերացրել է համաձայնագիրը. «Սա հարյուրավոր քաղաքացիների կյանքը հեշտացնող նախագիծ է», – ասել է Սարգիս Խանդանյանը եւ հորդորել կողմ քվեարկել:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը ողջունել է նախաձեռնությունը եւ նշել. «Մեր պատմության 2000 տարվա ընթացքում վրացի էթնոսն ապրել ու պայքարել է մեզ հետ միասին: Կարեւորագույն առաքելություն ենք հիմա իրականացնում ու աջակցում ժողովուրդների բարեկամությանը»:

Նախագիծը հավանության է արժանացել հանձնաժողովում:

Նիստում քննարկվել են նաեւ բարեկամական խմբեր ստեղծելու վերաբերյալ հարցերը:

Հայաստանն ու Հունգարիան բոլորովին վերջերս վերականգնել են դիվանագիտական հարաբերությունները: Տարեսկզբին Հունգարիայի խորհրդարանում ձեւավորվել է Հունգարիա-Հայաստան բարեկամական խումբն ու դիվանագիտական խողովակներով փոխանցվել է ՀՀ ԱԺ-ում եւս բարեկամական խումբ ստեղծելու ակնկալիքը: Այս մասին Հայաստան-Հունգարիա բարեկամական խմբի ստեղծման հարցի քննարկման համատեքստում ասել է Սարգիս Խանդանյանն ու նշել, որ Հունգարիան որոշակի ակտիվություն է ցուցաբերել տարածաշրջանային հարցերի վերաբերյալ. այդ երկրի ջանքերով նախորդ տարի ռազմագերիներ են Ադրբեջանից Հայաստան վերադարձվել:

Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա բարեկամական խմբի ստեղծմանն առնչվող հարցը քննարկման առարկա է դարձել Հյուսիսային Մակեդոնիայի Արտաքին գործերի նախարարի` Հայաստան կատարած այցի ժամանակ: Պայմանավորվածություն ենք ձեռք բերել խթանել միջխորհրդարանական հարաբերությունները երկու երկրների միջե: Բարեկամության խմբի ստեղծման նախաձեռնողը Հայաստանն է. ասել է Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը:

Սարգիս Խանդանյանի խոսքով Լատինական Ամերիկայի հետ առկա են ավանդաբար բարեկամական հարաբերություններ, մի շարք երկրների խորհրդարանների հետ գործում են բարեկամական խմբեր: Նշվել է, որ այս տարի Պերուում ու Արգենտինայում մեր դեսպանի նշանակումից հետո պերուական կողմը խորհրդարանական դիվանագիտությունը զարգացնելու խնդրանքով է հանդես եկել: Այս համատեքստում առաջարկվում է ստեղծել Հայաստան-Պերու բարեկամական խումբ:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել բարեկամական խմբեր ստեղծելու նախաձեռնություններին:

Related posts

Եթե ինչ-որ պահի ես պետք է լքեի ԱԺ նախագահի պաշտոնը, Ռուբինյանը լավագույն թեկնածուն էր, որ կարող էր ինձ փոխարինել այդ պաշտոնում. Սիմոնյան

Երախտապարտ ենք Հայաստանի ժողովրդին, կառավարությանը համագործակցության համար. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար

Ես քաղաքականությունից չեմ հեռանալու, քաղաքականության էջը չեմ փակում. Ալեն Սիմոնյան