Հայաստանի և Վրաստանի նախագահները հանդես են եկել մամուլի համար հայտարարությամբ

Հայաստանի և Վրաստանի նախագահներ Վահագն Խաչատուրյանը և Սալոմե Զուրաբիշվիլին այսօր Վրաստանի նախագահի նստավայրում տեղի ունեցած հանդիպումների արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հայտարարություններով:

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հայտարարությունը.

«Նախ և առաջ շնորհակալություն եմ հայտնում մեծարգո տիկին Զուրաբիշվիլիին՝ ջերմ ընդունելության և արդյունավետ քննարկումների համար:

Ուրախ եմ Հայաստանի Հանրապետության նախագահի կարգավիճակում առաջին պաշտոնական այցս իրականացնել հյուրընկալ հարևան երկիր:

Տարին առանձնահատուկ է հայ-վրացական հարաբերությունների համար. լրանում է դիվանագիտական հարաբերությունների հաստատման հոբելյանական 30-ամյակը: Թեև միջպետական հարաբերություններն ընդամենը 30 տարեկան են, բայց մեր երկրների միջև բարեկամությունն ունի հազարամյակների պատմություն: Հայաստանը մեծ կարևորություն է տալիս հարևան Վրաստանի հետ հարաբերությունների շարունակական զարգացմանն ու ամրապնդմանը, որի համար առկա են բոլոր նախադրյալները:

Գոհունակությամբ պետք է նշեմ, որ պատմամշակութային հարուստ ժառանգության և նույնական արժեհամակարգի վրա խարսված երկու եղբայրական ժողովուրդների ավանդական բարեկամական հարաբերությունները հետևողական աշխատանքի ու սերտ համագործակցության շնորհիվ շարունակում են ավելի ամրանալ՝ դրանով իսկ ամուր նախադրյալներ ստեղծելով հետագա համագործակցության և պետականաշինության համար:

Բարձր մակարդակի հանդիպումների ինտենսիվությունը վկայում է փոխշահավետ համագործակցությունը բոլոր ուղղություններով առավել ընդլայնելու երկկողմ հաստատուն հանձնառության մասին:

Հայ-վրացական հարաբերությունները դինամիկ զարգացում են արձանագրել, և իզուր չէ, որ ՀՀ կառավարության ծրագրում այդ հարաբերությունները որակվել են առանձնահատուկ բարիդրացիական: Հարաբերությունների նման որակումը պայմանավորված է ամենաբարձր մակարդակով երկկողմ հանդիպումների պարբերական բնույթով, միջգերատեսչական ակտիվ շփումներով, ամենատարբեր ոլորտներում փոխգործակցության տեմպի աճով, և որ շատ կարևոր է, վերոնշյալ գործընթացները հիմնված են լիակատար փոխվստահության ու հարգանքի վրա:

Այսօր ես և տիկին նախագահ Զուրաբիշվիլին ունեցել ենք բավական հագեցած քննարկումներ, որոնք ներառում են երկկողմ համագործակցության ամենատարբեր ոլորտներ՝ տրանսպորտ, կապ, հաղորդակցություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, հումանիտար հարցեր և այլն:

Մասնավորապես քննարկել ենք ենթակառուցվածքային ծրագրերի վերաբերյալ հարցերը, որոնք միտված են ապահովելու տրանսպորտային և հաղորդակցության միջազգային նախագծերում անհրաժեշտ ներգրավվածությունը, ինչպիսիք են՝ Պարսից ծոց – Սև ծով միջազգային տրանսպորտային միջանցքները:

Վերահաստատել ենք մեր հանձնառությունը՝ պահպանելու առկա բազմաբովանդակ հարաբերությունների բարձր մակարդակը և առավել հարստացնելու համագործակցության օրակարգը:

Անշուշտ, տիկին Զուրաբիշվիլիի հետ հանդիպման ընթացքում երկկողմ օրակարգից զատ անդրադարձել ենք նաև անվտանգային, քաղաքական և տարածաշրջանային նշանակության հարցերի: Ցանկանում եմ ընդգծել, որ նման հարցերում առկա փոխըմբռնումը պայմանավորված է հայ-վրացական անխախտ բարեկամության գիտակցմամբ:

Եզրափակելով խոսքս` ցանկանում եմ կրկին շնորհակալություն հայտնել ցուցաբերած ջերմ ընդունելության համար և հաջողություն մաղթել երկկողմ բոլոր նախաձեռնությունների կյանքի կոչման գործում:

Վստահ եմ, որ քննարկված հարցերն իրենց արդյունքները կունենան՝ նոր որակ և բովանդակություն հաղորդելով հայ-վրացական հարաբերություններին»:

Related posts

Հաճախակի են դառնում դեպքերը, երբ օձերին վնասում են՝ լրջորեն վտանգելով և՛ իրենց, և՛ կենդանիների կյանքը․ ՇՄՆ զգուշացումը

Հրդեհ Առնո Բաբաջանյան փողոցի նորակառույց չբնակեցված շենքերից մեկում

Արման Խաչատրյանը համատեղության կարգով նշանակվել է Մոնակոյում ՀՀ դեսպան