Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն ընդգծել են խնդիրները բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով կարգավորելու անհրաժեշտությունը

Մալթայում գտնվող ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը այսօր հանդիպել է Մալթայի Հանրապետության արտաքին գործերի, Եվրոպայի հարցերի և առևտրի նախարար Իեն Բորջի հետ։

Նախարարներն արձանագրել են, որ Հայաստանի և Մալթայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանական տարին նշանավորվում է հայկական կողմից Մալթա կատարված առաջին երկկողմ պաշտոնական բարձրաստիճան այցով:

Արարատ Միրզոյանը և Իեն Բորջը պատրաստակամություն են հայտնել զարգացնել և խորացնել երկկողմ հարաբերությունները, երկուստեք ջանքեր գործադրել տարբեր ոլորտներում առկա ներուժն առավելագույնս իրացնելու ուղղությամբ:

Անդրադարձ է կատարվել առևտրատնտեսական համագործակցության ու գործարար կապերի ակտիվացմանը, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցության հեռանկարներին:

Նախարարները մտքեր են փոխանակել Հայաստան-ԵՄ գործընկերության օրակարգի տարբեր հարցերի, ինչպես նաև բազմակողմ հարթակներում ակտիվ համագործակցության վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանը վերաբերող հարցերի։

Արարատ Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ Հայաստանի տեսլականը, ինչպես նաև Հարավային Կովկասում կայունություն ու խաղաղություն կառուցելու հայկական կողմի ջանքերը:

Երկուստեք ընդգծվել է առկա խնդիրները բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով կարգավորելու անհրաժեշտությունը:

ԱԳ նախարար Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը:

ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է միջազգային գործընկերների կողմից արված հասցեական հայտարարություններին ու կոչերին համապատասխան գործնական քայլերի իրականացման կարևորությունը: Շեշտվել է Արդարադատության միջազգային դատարանի կողմից փետրվարի 22-ին կայացված որոշման կյանքի կոչումը, ինչպես նաև Լաչինի միջանցք և ԼՂ միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկելու հրամայականը:

Related posts

Հաճախակի են դառնում դեպքերը, երբ օձերին վնասում են՝ լրջորեն վտանգելով և՛ իրենց, և՛ կենդանիների կյանքը․ ՇՄՆ զգուշացումը

Հրդեհ Առնո Բաբաջանյան փողոցի նորակառույց չբնակեցված շենքերից մեկում

Արման Խաչատրյանը համատեղության կարգով նշանակվել է Մոնակոյում ՀՀ դեսպան