Հայաստանի և Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարներն անդրադարձել են միջազգային և տարածաշրջանային զարգացումներին

Մայիսի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լյուքսեմբուրգի փոխվարչապետ, արտաքին գործերի և արտաքին առևտրի նախարար Քսավյե Բետելի հետ։ Հանդիպումը կայացել է ԵԽ նախարարական նստաշրջանի շրջանակներում։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև բարեկամության և ձևավորված փոխշահավետ գործընկերության խորացմանն ուղղված նոր նախաձեռնություններ։

Արարատ Միրզոյանը և Քսավյե Բետելը մտքեր են փոխանակել ԵՄ և ԵՄ հարևանությամբ զարգացումների շուրջ։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները՝ ընդգծելով, որ Գործընկերության նոր օրակարգի ստորագրումը նոր կարևոր հանգրվան կլինի ԵՄ և անդամ պետությունների հետ ՀՀ համագործակցության ընդլայնման ճանապարհին։

Հայաստանի և Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարներն անդրադարձ են կատարել նաև միջազգային և տարածաշրջանային զարգացումներին, որոնք տեղի են ունենում ներկա՝ աշխարհաքաղաքական անորոշումների պայմաններում։

Հարավային Կովկասում խաղաղության հաստատման համատեքստում նախարար Միրզոյանը ներկայացրել է հարևանների հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ իրականացվող ջանքերը։ Արարատ Միրզոյանն ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի ստորագրման հարցում ՀՀ վճռականությունը։

Related posts

Մեր ըմբիշները կմասնակցեն Սկոպյեում կայանալիք Եվրոպայի պատանեկան առաջնությանը

Խափանված եթեր՝ «բարեխիղճ» աշխատանքի պատճառով

Ընտանի կենդանիներին փնտրելու ընթացքում մոլորվել են․ ԱԱԾ-ն հերքել է Տեղ գյուղի երկու անչափահասների՝ առևանգվելու մասին վարկածը