Հայաստանի և Իրանի միջև հարաբերություններն ունեն ռազմավարական նշանակություն. Արաղչին՝ Փաշինյանին


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի գլխավորած պատվիրակությանը:

Վարչապետը ողջունելով պարոն Արաղչիի այցը Հայաստան՝ մաղթել է նրան հաջողություններ նոր պաշտոնում և միաժամանակ շնորհակալություն հայտնել նախորդ ժամանակահատվածում Հայաստան-Իրան հարաբերությունների հետևողական զարգացմանը նպաստելու համար: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ երկու երկրների միջև համագործակցությունը հաջողությամբ զարգանում է և դրա կարևոր նախապայմաններից մեկն այն է, որ կողմերը կարողացել են ձևավորել փոխադարձ վստահություն: Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունները հիմնված են բնական շահերի վրա, ինչը կարևոր հիմք և երաշխիք է հարաբերությունների հետագա զարգացման ու ընդլայնման համար:

Սեյեդ Աբբաս Արաղչին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և վարչապետ Փաշինյանին փոխանցել ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի ջերմ ողջույնները: Իրանի ԱԳ նախարարը նշել է, որ Հայաստանի ու Իրանի հարաբերությունները խարսխված են պատմական տնտեսական և մշակութային հարաբերությունների վրա: Նրա խոսքով՝ երկու երկրների միջև հարաբերություններն ունեն ռազմավարական նշանակություն և տեղի ունեցող զարգացումներն էլ ավելի են ընդգծում երկկողմ փոխգործակցության կարևորությունը: Սեյեդ Աբբաս Արաղչին շեշտել է Իրանի շարունակական աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ընդգծել տարածաշրջանում գոյություն ունեցող սահմանների անխախտելիության կարևորությունը:

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի և Իրանի միջև տնտեսության, այդ թվում՝ ենթակառուցվածքների և էներգետիկայի ոլորտներում նոր նախագծերի իրականացմանը: Կարևորվել է երկկողմ բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումը:

Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:

Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ ՀՀ Կառավարությունը հավատարիմ է խաղաղության օրակարգի հետևողական իրագործմանը: Միաժամանակ, Իրանի ԱԳ նախարարը հայտնել է իր երկրի աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը՝ հավելելով, որ այն կնպաստի տարածաշրջանում կայունության ապահովմանը:

Վարչապետ Փաշինյանը խնդրել է իր ջերմ ողջույնները փոխանցել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիին և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին:

Related posts

Բարձր ենք գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին. Նիկոլ Փաշինյան

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի՛ շրջանավարտներ, բոլորիդ հրավիրում եմ ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ