Հայաստանի տարածքով մենք միջանցք, տարածք չենք տալու. Նիկոլ Փաշինյան

Ինչքան էլ մենք աշխարհի ամենամեծ և ամենահզոր պետությունը չենք, բայց մեր տարածքային ամոբղջականության հարցում ընդհանուր առմամբ ուրիշների տեսակետը մեզ շատ չպետք է հետաքրքրի, մեզ պետք է հետաքրքրեն մեր տեսակետը և մեր դիրքորոշումը, որ մենք ասել ենք՝ Հայաստանի տարածքով մենք միջանցք, տարածք չենք տալու: Այս մասին այսօր Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Չկա մի երկիր, որը մեզ հետ քննարկումներում խոսում է միջանցքի մասին, և եթե լինի մի երկիր, մենք այդ քննարկումը չենք անի, քանի որ ի՞նչ միջանցք, ո՞վ է հորինել այդ միջանցքը, որտե՞ղ է գրված միջանցք. Ադրբեջանն ասում է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի համաձայն: Դա հրապարակված կետ է, ես աշխարհի բոլոր տառաճանաչ մարդկանց կոչ եմ անում գտնել «միջանցք» բառը 9-րդ կետում, արդյոք այդ փաստաթղթում կա՞ միջանցքի մասին հիշատակում: Այո՛, կա, և դա Լաչինի միջանցքն է, որը գտնվում է ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո»,- ասաց նա:

Վարչապետի խոսքով՝ այլ հարց է կոմունիկացիաների բացումը:

«Մենք առաջարկությունների նոր փաթեթ ենք ներկայացրել եռակողմ աշխատանքային խմբի ֆորմատով Ադրբեջանին, և ես Բրյուսելում այդ առաջարկությունները առձեռն փոխանցել եմ Ադրբեջանի նախագահին, և որ պահին իրենք դա ընդունեն, մենք պատրաստ ենք անմիջապես անցնելու դրա իրագործմանը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ այդ առաջարկությունները ճանապարհներ բացելու, տալու և ստանալու մասին են:

Related posts

Հաճախակի են դառնում դեպքերը, երբ օձերին վնասում են՝ լրջորեն վտանգելով և՛ իրենց, և՛ կենդանիների կյանքը․ ՇՄՆ զգուշացումը

Հրդեհ Առնո Բաբաջանյան փողոցի նորակառույց չբնակեցված շենքերից մեկում

Արման Խաչատրյանը համատեղության կարգով նշանակվել է Մոնակոյում ՀՀ դեսպան