Հայաստանի վրա Իրանում տիրող իրավիճակի հնարավոր ազդեցությունը բազմաշերտ է. տնտեսագետ

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ-գիտաշխատող, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Աննա Փախլյանը «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում վերլուծել է Հայաստանի տնտեսության վրա Իրանում տիրող անկայուն վիճակի հնարավոր ազդեցությունը, անդրադարձել է իրանական կողմի հետ համագործակցող երկրների նկատմամբ լրացուցիչ մաքսատուրք սահմանելու ԱՄՆ նախագահի հայտարարությանը և մատնանշել ստեղծված իրավիճակում ՀՀ հնարավոր քայլերը:

Աննա Փախլյան

– Իրանում ստեղծված իրավիճակը, դրա խորացումը և այդ խորապատկերում իրանական ռիալի անկումն ինչպե՞ս կարող է անդրադառնալ հայիրանական առևտրատնտեսական կապերի և, ընդհանրապես, Հայաստանի տնտեսության վրա:

– Հարևան երկրում տիրող լարված իրավիճակի հետագա սրացումը և իրանական ռիալի արժեզրկման հնարավոր ազդեցությունը Հայաստանի վրա բազմաշերտ է. պայմանավորված է փոխկապակցված մի քանի գործոններով՝ առևտրային, արժութային, մրցակցային և մակրոտնտեսական։

Ռիալի արժեզրկումը նախ նվազեցնում է Իրանի տնտեսվարողների վճարունակությունը, ինչի հետևանքով երկիրը կարող է կրճատել ներմուծման ծավալները, այդ թվում՝ Հայաստանից: Մինչդեռ, հայաստանցի արտահանողների համար ավելի էական է դառնում գների մրցունակության խնդիրը, քանի որ ռիալով հաշվարկելիս հայկական արտադրանքի գինն աճում է՝ այն դարձնելով պակաս մրցունակ։ Միևնույն ժամանակ, Իրանից Հայաստան ներմուծվող որոշ ապրանքների գինը կարճաժամկետ կտրվածքով կնվազի և իրանական ապրանքների ներմուծումը կդառնա ավելի ձեռնտու, ինչը նույնիսկ կարող է հանգեցնել Իրանից ներմուծումների ծավալի որոշակի աճի։ Սակայն ստեղծված իրավիճակն, ըստ ամենայնի, կուղեկցվի մատակարարումների անկայունությամբ, վճարումների և լոգիստիկ ռիսկերի աճով։

Իրանական գործընկերների հետ աշխատող հայկական ընկերությունների համար աճում են նաև արժութային ռիսկերը։

Իրանի տնտեսության խորացող ճգնաժամը թուլացնում է այդ երկրի դերը որպես տարանցիկ և տարածաշրջանային գործընկեր՝ մեծացնելով տարածաշրջանային անկայունության ռիսկը, ինչը կարող է բացասաբար անդրադառնալ Հայաստանում ներդրումային սպասումների վրա։ Բացի այդ, եթե Իրանը հայտնվի երկարատև տնտեսական մեկուսացման մեջ, Հայաստանը կզրկվի տնտեսության դիվերսիֆիկացման կարևոր ուղղություններից մեկից։

– Ներկայում որքանո՞վ են փոխկապակցված Հայաստանի և Իրանի տնտեսությունները, մեր տնտեսության ո՞ր ոլորտների վրա կարող են բացասաբար անդրադառնալ հարևան երկրում ապակայունացման տևական պահպանումն ու հնարավոր ցնցումները:

– Հայաստանի և Իրանի տնտեսությունները խորը ինտեգրված չեն, սակայն փոխկապակցված են մի շարք նեղ, բայց համակարգային կարևորություն ունեցող ուղղություններով: Օրինակ, «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» սխեման, որն այլընտրանք կամ փոխարինման հնարավորություն չունի։

Իրանը դիտարկվում է որպես հարավային ուղղությամբ Հայաստանի հաղորդակցության առանցք, որի ապակայունացումը կարող է կրճատել տարանցման հուսալիությունը, սառեցնել ենթակառուցվածքային նախագծերը, և, ի վերջո, թուլացնել Հայաստանի դիրքը։

Ըստ այդմ, Իրանում անկայուն իրավիճակի երկարատև պահպանումը թեպետ խոշոր ցնցում չի առաջացնի Հայաստանում, բայց կարող է հանգեցնել ոլորտային և կառուցվածքային ռիսկերի, որոնք ժամանակի ընթացքում կկուտակվեն։

Այսպիսով, Իրանում երկարատև ճգնաժամը, թեև չի խախտի մակրոտնտեսական կայունությունը մեր երկրում, սակայն կարող է թուլացնել զարգացման մի շարք կարևոր հենասյուներ՝ էներգետիկ, լոգիստիկ և արտաքին տնտեսական դիվերսիֆիկացման ուղղություններով։

Հայաստանում ի՞նչ ապրանքների կամ ծառայությունների պակաս կարող է առաջանալ ստեղծված իրավիճակում:  

– Հնարավոր է այնպիսի ապրանքների և ծառայությունների մասնակի և ժամանակավոր պակասորդ, որոնց մատակարարման կարևոր աղբյուր է Իրանը: Այդ երկրից Հայաստան ներմուծվող սննդամթերքի և պատրաստի այլ ապրանքների մեծամասնությունն ունի մատակարարման այլընտրանքային աղբյուրներ, ուստի, եթե, անգամ, պակասորդ առաջանա՝ դա կկրի կարճաժամկետ և մասնակի բնույթ։

Իսկ ահա Հայաստանի և Իրանի միջև գործող «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» սխեման բավականաչափ ինստիտուցիոնալացված է՝ ՀՀ ներկրվող գազն օգտագործվում է էլեկտրաէներգիայի արտադրության համար, որն էլ արտահանվում է Իրան: Այս մեխանիզմը ավտոմատացված է, սակայն Իրանում խորացող անկայուն իրավիճակը կարող է հանգեցնել գազի մատակարարման ժամանակավոր խափանումների կամ ծավալների կրճատման, տեխնիկական սպասարկման հետաձգումների, փոխհաշվարկների բարդացման։

Եթե Իրանում անվտանգության, ֆինանսական կամ ենթակառուցվածքային խնդիրները պահպանվեն, ապա հնարավոր է բեռնափոխադրումների ժամանակացույցի խախտում, ապահովագրական ծախսերի աճ, որոշ երթուղիների ժամանակավոր սառեցում։ Արդյունքում, պակասորդ կարող է առաջացնել ոչ թե ապրանքների ֆիզիկական բացակայությունը, այլ մատակարարման ուշացումները:

– Այս իրավիճակը կարո՞ղ է անդրադառնալ Հայաստանի արտահանման ցուցանիշների վրա և ինչպե՞ս:

– Իրանում ներքին տնտեսական ապակայունացումը և ռիալի արժեզրկումը սահմանափակում են իրանական շուկայի ներմուծման կարողությունը, ինչը կհանգեցնի այդ երկիր հայկական ապրանքների արտահանման ծավալների որոշակի կրճատման: Ստեղծված իրավիճակը թեև չի սպառնում Հայաստանի արտահանման ծավալների համընդհանուր կրճատմամբ, սակայն կարող է թուլացնել մեր երկրի արտահանման աճի ներուժը՝ ոչ այնքան իրանական շուկա արտահանման կրճատման հետևանքով, որքան՝ դեպի Պարսից ծոց և Մերձավոր Արևելք տարանցման հետ կապված բարդությունների առաջացման պատճառով։

Իրանի հետ փոխգործակցող երկրների նկատմամբ 25 տոկոսի մաքսատուրք սահմանելու ԱՄՆ նախագահի որոշումը ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի համար:

– Իր պաշտոնավարման երկրորդ ժամկետի ընթացքում Թրամփը հաճախ է տարբեր երկրներին սպառնացել մաքսատուրքերի ավելացմամբ և դրանք սահմանել է այն պետությունների հանդեպ, որոնք կապեր ունեն ԱՄՆ հակառակորդների հետ և, նրա գնահատմամբ, «անարդարացի» առևտրային քաղաքականություն են վարում Վաշինգտոնի նկատմամբ։

Թրամփի վերջին հայտարարությունը դեռևս ամրագրված չէ որևէ պաշտոնական փաստաթղթով, և առայժմ հայտնի չեն 25 տոկոս մաքսատուրքի կիրառման մանրամասները: Մասնավորապես, պարզ չէ՝ Իրանի հետ փոխգործակցող երկրների նկատմամբ այն սահմանվելու է առկա առևտրատնտեսական կապերի ծավալին և խորությանը համարժե՞ք, թե՞ Իրանի հետ ցանկացած աննշան առևտուր բավարար է լինելու, որպեսզի այդ պետությունները լրացուցիչ մաքսատուրք վճարեն նաև ԱՄՆ-ի հետ իրականացվող բիզնես գործարքների համար: Կամ արդյոք մաքսատուրքը կիրառվելո՞ւ է միաժամանակ և՛ արտահանման, և՛ ներմուծման նկատմամբ և այլն։ Մինչդեռ, այս պայմանների հստակեցումն էապես կփոխի դրանց ազդեցության տիրույթն ու շրջանակը։

Ըստ միջազգային վիճակագրական շտեմարանների հասանելի տվյալների՝ Իրանի խոշոր առևտրային գործընկերների թվում են Չինաստանը (որին բաժին է ընկնում Իրանի արտահանման շուրջ 40%-ը), Իրաքը (13%), Արաբական Միացյալ Էմիրությունները (11%), Թուրքիան (10%), Հնդկաստանը (3․4%) և այլ երկրներ, որոնք էլ ակամայից հայտնվում են ԱՄՆ այս նոր մաքսային քաղաքականության առանցքային թիրախում։ Ստացվում է, որ Իրանի հետ սերտ փոխգործակցության համար ԱՄՆ նոր մաքսատուրքերից ամենից շատ տուժելու է Չինաստանը։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա այստեղ է ուղղվում Իրանի արտահանման ընդամենը 0․66%-ը, սակայն Հայաստանի արտաքին առևտրի կառուցվածքում Իրանի մասնաբաժինը համեմատաբար մեծ է։

Հայաստանից ԱՄՆ արտահանման ծավալներն ավելի սահմանափակ են, իսկ Իրանի շուկան արտահանման հիմնական ուղղություններից չէ մեր երկրի համար: 2024 թվականին Հայաստանից Իրան արտահանման ծավալը գնահատվել է 108․3 մլն դոլար, ինչը համարժեք է ՀՀ ողջ արտահանման 0․8%-ին: Հայաստանից ԱՄՆ արտահանումը նույն ժամանակահատվածում գնահատվել է 58․9 մլն դոլար կամ ընդհանուր ծավալի 0․5 տոկոսը։ 2025 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանից Իրան արտահանվել է 83․4, իսկ ԱՄՆ՝ 46․2 մլն դոլարի ապրանք։

Միաժամանակ, ԱՄՆ-ի և Իրանի հետ հարաբերություններում Հայաստանն ավելի շատ դիրքավորված է որպես ներմուծող երկիր, սակայն ներկրման ծավալներն էլ շոշափելի չեն: Այսպես, 2024-ին ԱՄՆ-ից Հայաստան է ներմուծվել 351․7 մլն դոլարի ապրանք, որը համարժեք է մեր երկրի ներմուծման ընդհանուր ծավալի 2.1%-ին: Իրանից ներմուծումը գնահատվել է 629․2 մլն դոլար կամ ընդհանուրի 3․7%-ը։

Այս պայմաններում ակնկալվում է, որ Իրանի հետ տնտեսական փոխգործակցության համար 25% մաքսատուրքի կիրառումը թույլ տնտեսական ազդեցություն կունենա Հայաստանի համար, հատկապես՝ մաքսային բեռի ուղղակի արտահայտությամբ։ Հետևապես, առավել ազդեցիկ և շոշափելի է Թրամփի հայտարարության քաղաքական ենթատեքստը՝ հաշվի առնելով Իրանի աշխարհաքաղաքական և ռազմավարական կարևորությունը Հայաստանի համար։

– Ըստ Ձեզ, հայկական կողմը ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի ստեղծված իրավիճակում:

– ԱՄՆ նախագահի այս հայտարարությունը ցույց է տալիս, որ Վաշինգտոնը ցանկանում է ուժեղ տնտեսական ճնշում գործադրել Իրանի վրա: Այդ ռիսկի տիրույթ կարող է ներքաշվել ցանկացած երկիր, որը տնտեսական հարաբերություններ ունի Իրանի հետ: Անգամ այն պարագայում, երբ ԱՄՆ-ը դեռ չի հրապարակել այս քաղաքականության իրավական մեխանիզմը կամ բացառությունները։ Սա մեծացնում է անորոշությունը և հարկադրանքի զգացողությունը Հայաստանի արտաքին առևտրային քաղաքականության համար:

Թեև, հաշվի առնելով TRIPP նախագծի շրջանակում ԱՄՆ-ՀՀ ռազմավարական փոխգործակցության առարկայացումը, ամենևին էլ չի բացառվում, որ նոր մաքսատուրքերի կիրառման մասով Հայաստանը դասվի բացառությունների շարքին:

Ստեղծված իրավիճակում հայկական կողմի արձագանքը պետք է լինի զուսպ, պրագմատիկ և կանխարգելիչ, քանի որ խոսքը ոչ թե անմիջական ճգնաժամի, այլ կուտակվող արտաքին ռիսկերի միջավայրի մասին է։ Հետևաբար, նպատակահարմար է համադրել կարճաժամկետ կայունացման քայլերը և միջնաժամկետ կառուցվածքային հարմարեցումները։

 

Related posts

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միանձնյա կառավարություն կձևավորի. Նիկոլ Փաշինյան

Դավիթ Առուշանյանը ընտրողների ակտիվության ու ՔՊ-ի առաջատար լինելու մասին

Ամփոփվել են 404 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ