Հայաստանը ՌԴ-ի առանցքային ռազմավարական գործընկերն է Անդրկովկասում. Շոյգու

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրների և Անկախ Պետությունների Համագործակցության մասնակիցների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հանդիպման շրջանակներում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը:

«Հայաստանը մեր դաշնակիցն է ՀԱՊԿ-ի գծով և առանցքային ռազմավարական գործընկերն Անդրկովկասում: Մենք չափազանց շահագրգռված ենք տարածաշրջանում կայունության պահպանման հարցում և դրա համար գործադրում ենք առավելագույն ջանքերը: Մենք առանձնահատուկ կարևորում ենք երկկողմ համագործակցության զարգացումը և Հայաստանի զինված ուժերի ներուժը բարձրացնելու գործում աջակցության ցուցաբերումը»,- ասել է Սերգեյ Շոյգուն:

Հանդիպման ընթացքում պաշտպանության գերատեսչությունների ղեկավարները հաստատել են երկու երկրների պաշտպանության նախարարությունների 2023 թվականի համագործակցության ծրագիրը։

ՌԴ ռազմական գերատեսչության ղեկավարը նաև ընդգծել է, որ ռուսական կողմը պատրաստ է շարունակել համատեղ աշխատանքը։

Իր հերթին, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ սա այս տարվա չորրորդ հանդիպումն է։ Այսօրվա բանակցությունները տեղի են ունենում ԱՊՀ և ՇՀԿ երկրների պաշտպանության նախարարների հանդիպման շրջանակներում։

«Մենք բարձր ենք գնահատում գագաթնաժողովը կազմակերպելու ձեր նախաձեռնությունն ու ջանքերը: Դեկտեմբերը ճիշտ ժամանակն է արդյունքների ամփոփման և ապագայի ծրագրերի շուրջ խորհելու համար, այսօր մենք կստորագրենք 2023 թվականի պլանը», – ասել է Սուրեն Պապիկյանը:

Այսօր Մոսկվայում տեղի է ունեցել ՇՀԿ անդամ երկրների և ԱՊՀ մասնակիցների պաշտպանության նախարարների հանդիպումը, որի ընթացքում տեսակոնֆերանսի միջոցով ելույթ է ունեցել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Վեյ Ֆենհեն։ Հանդիպման ընթացքում պաշտպանության գերատեսչությունների ղեկավարները քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությունը, ինչպես նաև պաշտպանության և անվտանգության ոլորտում համագործակցության հետագա ամրապնդումը։ Հանդիպման արդյունքում ստորագրվել է համատեղ կոմյունիկե։

Related posts

Հաճախակի են դառնում դեպքերը, երբ օձերին վնասում են՝ լրջորեն վտանգելով և՛ իրենց, և՛ կենդանիների կյանքը․ ՇՄՆ զգուշացումը

Հրդեհ Առնո Բաբաջանյան փողոցի նորակառույց չբնակեցված շենքերից մեկում

Արման Խաչատրյանը համատեղության կարգով նշանակվել է Մոնակոյում ՀՀ դեսպան