Հայաստանը որդեգրել է և հավատարիմ է խաղաղության օրակարգին. ՀՀ ԱԺ նախագահը՝ ԵԱՀԿ նախագահին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 13-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի արտաքին գործերի, եվրոպական հարցերի և առևտրի նախարար Իեն Բորջի գլխավորած պատվիրակությանը:

Շնորհավորելով ԵԱՀԿ նախագահության ստանձնման կապակցությամբ` Ալեն Սիմոնյանն Իեն Բորջին մաղթել է արդյունավետ աշխատանք, ընդգծել, որ Հայաստանը պատրաստակամ է աջակցել ԵԱՀԿ պատասխանատվության գոտում խաղաղության և կայունության ապահովմանն ուղղված ջանքերին:

«Հայաստանը որդեգրել է և հավատարիմ է խաղաղության օրակարգին: Հուսով եմ, որ ԵԱՀԿ նախագահության շրջանակում Ձեր ուշադրության կենտրոնում կպահեք Հարավային Կովկասի տարածաշրջանը և անհրաժեշտ գործիքակազմի կիրառմամբ կխթանեք Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկարատև խաղաղության հաստատման գործընթացը»,- ասել է խորհրդարանի ղեկավարը:

ԱԺ նախագահը զրուցակցին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը, Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց Հայաստան վերադառնալու հրամայականը:

Իեն Բորջը նշել է, որ ԵԱՀԿ գործիքակազմի և իրավազորության շրջանակում կազմակերպությունը պատրաստ է աջակցել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին:

Քննարկվել է ԵԱՀԿ-ի և Հայաստանի միջև համագործակցությանը, Հայաստան-Մալթա միջխորհրդարանական հարաբերությունների սերտացմանը, Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացին և տարածաշրջանում անվտանգային իրավիճակին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան