Հայաստանը մնում է մեր դաշնակիցը, բոլոր պարտավորությունները ուժի մեջ են. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Երևանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքին, բայց Հայաստանի կողմից դաշինքին անդամակցության դադարեցման մասին որևէ պաշտոնական հայտարարություն կազմակերպությունը չի ստացել: Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում նշել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը:

«Երևանն իսկապես վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքին: Այս փուլում դա Հայաստանի որոշումն է, մենք, իբրև միջազգային կազմակերպություն, հարգում ենք ինքնիշխան պետության ցանկացած որոշում: Այդուհանդերձ, կազմակերպության գործունեությունը շարունակվում է ամբողջ ծավալով, բոլոր գործընթացներն իրականացվում են ՀԱՊԿ նորմատիվ բազային համապատասխան: Ընդունվող և ընդունված որոշումների մասին քարտուղարությունն աշխատանքային ռեժիմով իրազեկում է Երևանի համապատասխան կառույցներին: ՀՀ պաշտոնատար անձանց որոշ հայտարարությունների վերաբերյալ կնշեմ, որ Երևանից ՀԱՊԿ քարտուղարությունը կազմակերպությանն անդամակցության դադարեցման մասին որևէ պաշտոնական հայտարարություն չի ստացվել»,- նշել է նա:

Տասմագամբետովի խոսքով՝ որոշ իրադարձություններ և Հայաստանի էլիտայի տրամադրությունները մտահոգություն են առաջացնում։

«Բայց մենք հույս ունենք, որ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը քաղաքական սթափություն կդրսևորի և կգնահատի կազմակերպության հետ կապված տարբեր սցենարների իրականացման հեռանկարները: Հայաստանը մնում է մեր դաշնակիցը, բոլոր պարտավորությունները մնում են ուժի մեջ։ Մեր վերլուծաբանների և նրանց հասանելի գործիքների օգնությամբ վերլուծում ենք իրավիճակը Հայաստանի շուրջ և կազմակերպության հետ Հայաստանի հարաբերություններում»,- նշել է կառույցի գլխավոր քարտուղարը։

Related posts

Եզրասը անծպտուն ներկա է եկեղեցու հետևորդի ստորացմանը, դիմացը փող տվող աֆտարիտետ ա. Հարությունյան. տեսանյութ

Թրամփը չի բացառել ո՛չ Իրանին հարվածելը, ո՛չ էլ խնդրի լուծման այլ տարբերակները. Interfax

Օտարերկրյա հեռուստաալիքներով ՀՀ պետականության վրա տեղեկատվական հարձակում հանդիսացող հեռուստահաղորդումները պիտի արգելափակվեն. ԲՏԱ նախարար