Հայաստանը Բրյուսելում ներկայացրել է COP17-ի իր տեսլականը

Նոյեմբերի 28-ին Բրյուսելում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Դեպի 2030 թվական. վերափոխելով բնապահպանական նպատակները գործողությունների» խորագրով միջոցառմանը:
Իր խոսքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է ՀՀ հանձնառությունը՝ ուղղված թափանցիկ և ներառական COP17-ի կազմակերպմանը, ինչպես նաև Համաժողովի շրջանակներում համագործակցային մթնոլորտի ապահովմանը:
ԱԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Ռոբերտ Աբիսողոմոնյանը շեշտել է COP17-ի ակյունաքարային դերը Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի հանձնառությունների առաջին գլոբալ վերանայման տեսանկյունից: Կարևորվել է կենսաբազմազանությանն առնչվող մարտահրավերների հասցեագրմանն ուղղված համապատասխան ֆինանսավորման ապահովումը և ընդգծվել է առկա բացը լրացնելու անհրաժեշտությունը:
Ամփոփելով՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը նշել է, որ Կենսաբանական բազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի և բոլոր մյուս շահագրգիռ դերակատարների լիարժեք ներգրավվածության շնորհիվ միայն հնարավոր կլինի ապահովել արդյունավետ Համաժողովի անցկացումը:
Միջոցառումը կազմակերպվել է Բելգիայում ՀՀ դեսպանության և Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) Բրյուսելյան գրասենյակի կողմից` Հայաստանում հյուընկալվելիք Կենսաբանական բազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին ընդառաջ իրականացվող աշխատանքների շրջանակներում:
Միջոցառմանը մասնակցում էին դիվանագիտական կորպուսի, ԵՄ հաստատությունների, վերլուծական կենտրոնների, միջազգային ֆինանսական հաստատությունների ներկայացուցիչներ։

Related posts

Տարածաշրջանում անվտանգությունը Բաքվի օրակարգի առաջնահերթություններից է. Ալիև

Երևանի քրեական ոստիկանները ձերբակալել են տարեց կանանց կողոպտողին

Հայաստանն ու Չեխիան խորացնում են համագործակցությունը ջրային ոլորտում