Հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խումբը կարողացել է մերձեցնել Երևանի և Բաքվի դիրքորոշումները շատ հարցերի շուրջ. Մհեր Գրիգորյան

Տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների մակարդակով աշխատանքային խումբը կարողացել է մերձեցնել Երևանի և Բաքվի դիրքորոշումները շատ հարցերի, մասնավորապես՝ սահմանային և մաքսային հսկողության վերաբերյալ։ Այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցին ասել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

«Կառուցողական եմ համարում Հարավային Կովկասում տրանսպորտային կապերի ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը: Սա, իհարկե, բարդ աշխատանք է, բայց պետք է նշեմ, որ կողմերին հաջողվում է մոտեցնել իրենց դիրքորոշումները սահմանային և մաքսային հսկողության բազմաթիվ հարցերի շուրջ, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի տարածքներով ճանապարհներով և երկաթգծերով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգ անցման հարցում»,- ասել է նա։

Գրիգորյանի խոսքով՝ «այս պահին փորձագիտական ենթախմբերը շարունակում են ճանապարհային ու երկաթուղային ենթակառուցվածքների վերականգնման ու հետագա օգտագործման հետ կապված հարցերի մշակումը»։

Տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման ժամանակ։ Այնուհետև այդ նպատակով որոշվել է երեք երկրների փոխվարչապետների մակարդակով ստեղծել աշխատանքային խումբ, որը կկենտրոնանա տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի հաստատման վրա։

Related posts

Բարձր ենք գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին. Նիկոլ Փաշինյան

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի՛ շրջանավարտներ, բոլորիդ հրավիրում եմ ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ