Կուտակած պարտքերի պատճառով ժամանակավորապես կդադարեցվի որոշ հեռուստաընկերությունների հեռարձակումը

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից մեկնաբանել են շրջանառվող լուրերը, թե Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցը (ՀՀՌՑ) առաջիկայում պատրաստվում է դադարեցնել որոշ հեռուստաընկերությունների հեռարձակումը։

«Արմենպրես»-ի հետ զրույցում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության անձնակազմի կառավարման, իրավաբանական և տնտեսագիտական վարչության պետ Գարիկ Հայրապետյանն ընդգծեց, որ համաձայն «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերության և հեռուստաընկերությունների միջև կնքված պայմանագրերի հեռարձակումը կարող է դադարեցվել, եթե հեռուստաընկերությունները չեն կատարում պայմանագրով նախատեսված իրենց պարտավորությունները: «Պայմանագրային պարտավորությունները չկատարելու արդյունքում մի շարք հեռուստաընկերություններ կուտակել են պարտքեր։ Վերջին շրջանում մենք փորձել ենք բանակցությունների միջոցով կարգավորել այդ հարցը: Արդյունքում, որոշ հեռուստաընկերություններ մարել են կուտակված պարտքերն ամբողջությամբ, իսկ որոշներն էլ՝ մասամբ: Այնուամենայնիվ, համաձայն պայմանագրի մենք նախատեսում ենք մի քանի հեռուստաընկերությունների հեռարձակումը ժամանակավորապես՝ առաջին անգամ 2 ժամով դադարեցնել»,- նշեց Հայրապետյանը՝ հավելելով, որ այդ հեռուստաընկերություններն են «Շանթ»-ը, ATV-ն, Freenews-ը, «Դար 21»-ը և «Ֆորտունա»-ն:

Անդրադառնալով այս գործընթացին քաղաքական ենթատեքստ տալու փորձերին՝ Գարիկ Հայրապետյանն ընդգծեց, որ այս իրավիճակը հեռուստաընկերությունների կողմից զուտ պայմանագրային պարտավորությունների խախտման հետևանք է։ «Այս գործընթացը եթերային բովանդակության հետ որևէ կապ չունի, և անջատման ենթակա հեռուստաընկերությունների ցանկը դրա վկայությունն է»,- նշեց նա:

Related posts

Բարձր ենք գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին. Նիկոլ Փաշինյան

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի՛ շրջանավարտներ, բոլորիդ հրավիրում եմ ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ