Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հիմնական տարրն է. Զախարովա

Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հիմնական տարրն է։ Այս մասին Trend-ին տված բացառիկ հարցազրույցում ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման առանցքային տարրն է, որը մշակվել է 2020-2022 թվականներին՝ ամենաբարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա։

Այս հարցը վստահվել է եռակողմ աշխատանքային խմբին, որը համանախագահում են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետերը։ Մինչ օրս կայացել է եռակողմ աշխատանքային խմբի 12 հանդիպում (վերջինը՝ հունիսի 2-ին), մանրամասն ուսումնասիրվել է հեռանկարային երկաթուղային և ճանապարհային երթուղիների փաթեթը»,- ասել է Զախարովան՝ պատասխանելով այսպես կոչված «Զանգեզուզի միջանցքի» նախագծի առավելությունների մասին հարցին։

Նա նշել է, որ եռակողմ աշխատանքային խմբի 12-րդ հանդիպման արդյունքներով առաջընթաց է արձանագրվել Ադրբեջանի և Հայաստանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման եղանակների համաձայնեցման հարցում։

«Ընդհանուր փոխըմբռնում է ձեռք բերվել Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երթուղու երկայնքով երկաթուղային հաղորդակցության վերականգնման և կազմակերպման կոնկրետ քայլերի իրականացման վերաբերյալ: Մեր աշխատանքում մենք ելնում ենք փոխադարձության, երկու երկրների ինքնիշխանությունն ու իրավասությունը հարգելու սկզբունքների պահպանման անհրաժեշտությունից»,- հավելել է Մարիա Զախարովան։

Նա նաև ընդգծել է, որ հաղորդակցությունների ապաշրջափակման ճանապարհին հաջողությունը լրացուցիչ խթան կհաղորդի եռակողմ աշխատանքի այլ ոլորտներին։ Դա վերաբերում է նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի մշակմանը, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատմանը, ակտիվիստների և խորհրդարանականների միջև երկխոսության մեկնարկին։

Related posts

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, Մարինե Հակոբյանը կսովորի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում

Արարատ Միրզոյանը և Սինգապուրի ԱԳ նախարարը քննարկել են համագործակցության զարգացման ուղղությունները