Կնոջ գլուխը հարվածել է պատին, դանակով սպառնացել, մերկ նկարներն ուղարկել ազգականներին․ նախաքննության ավարտ

ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունում ավարտվել է ամուսնու կողմից կնոջն ընտանեկան բռնության ենթարկելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը:

Նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ամուսինը 2021 թվականի հոկտեմբերին կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ արմունկով հարվածել է կնոջ մարմնի տարբեր մասերին, գլուխը հարվածել է պատին՝ պատճառելով ֆիզիկական ցավ, որից հետո խոհանոցային դանակը պահելով նրա կոկորդին՝ սպառնացել է սպանել:

Նույն արարքն ամուսինը կրկնել է նաև 2024 թվականի հուլիսին:

Բացի այդ՝ ամուսինը, ցավագին ընդունելով կնոջ կողմից փաստացի ամուսնալուծվելու հանգամանքը, վերջինիս նրա ազգականների մոտ վարկաբեկելու նպատակով իր օգտագործած հեռախոսահամարի Whatsapp բջջային հավելվածի միջոցով 2024 թվականի օգոստոսին կնոջ ազգականներին ցուցադրել և ուղարկել է նրա մերկ լուսանկարները:

Բացի այդ՝ 2024 թվականի օգոստոսի 14-ից մինչև նոյեմբերն ընկած ժամանակահատվածում ամուսինը հետամտել է իր կնոջը, այն է՝ նշված ժամանակահատվածում իր կողմից օգտագործվող բջջային հեռախոսահամարների տարբեր հավելվածներով և էլեկտրոնային փոստի միջոցով նրան ներգրավել է անցանկալի հաղորդակցության մեջ՝ պարբերաբար հայհոյանքներ և սպառնալիքներ տալով վերջինիս և նրա հարազատների հասցեին:

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Related posts

ԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց

Ընտանեկան բռնության դեմ ստորագրահավաքին կարելի է միանալ նաև առցանց