Ռուսական զորքերի առաջխաղացումը քաղաքի վրա ավելի դանդաղ է եղել, քան սպասում էին շատ ռազմական փորձագետներ:
«Այս պահին ամենակարևոր հարցը մեր երկիրը պաշտպանելն է»,- հավելել է նա։
Քաղաքապետը հաստատել է, որ Կիևում մինչ այժմ սպանվել է ինը խաղաղ բնակիչ, այդ թվում՝ մեկ երեխա։
Պատասխանելով սննդի և դեղամիջոցների պակասող պաշարները համալրելու քաղաքի կարողությունների մասին հարցին՝ Կլիչոն ասել է․ «Մենք հումանիտար աղետի սահմանին ենք։ Ունենք լույս, մեր տներում ջուր ու ջեռուցում կա։ Բայց ենթակառուցվածքը ոչնչացված է սնունդն ու դեղորայքը հասցնելու համար»։
Նա նշեց, որ բոլորին ուղերձը հետևյալն է․ «Միասին աջակցեք Ուկրաինային… Մենք ուժեղ ենք։ Յուրաքանչյուր ուկրաինացի հպարտ է, որ անկախ է, հպարտ է, որ ուկրաինացի է, և մենք հպարտ ենք, որ ունենք մեր սեփական երկիրը»:
Հինգշաբթի՝ փետրվարի 24-ին, Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտարարել է Ուկրաինայի մայրաքաղաքում պարետային ժամ մտցնելու մասի:
Նույն օրը ավելի վաղ Կիևի քաղաքային պետական վարչությունը հայտարարել էր քաղաքում օդային տագնապի մասին։ Բնակիչներին հորդորել էին գնալ քաղաքացիական պաշտպանության կացարաններ։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։
«Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել»,- հայտարարել է Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում:
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հինգշաբթի ժամը 05:00-ից (Երևանի ժամանակով 07:00-ից) ՌԴ ԶՈւ-ն ինտենսիվ հարձակումներ է իրականացնում ուկրաինական ռազմական օբյեկտների և օդանավակայանների վրա։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։ Ուկրաինայի ՆԳՆ-ն զոհերի և վիրավորների նախնական թիվ է հայտնում։