Կընդլայնվի կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող դպրոցների ցանկը. որոշում

Կառավարության որոշմամբ կլրամշակվի «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցների» ծրագրով հաստատված ցանկը՝ նոր դպրոցների ներգրավմամբ: Գործող կարգում փոփոխություններ և լրացումներ կատարելու արդյունքում խնդրահարույց հարցերը կհստակեցվեն, ցանկը կլրամշակվի նոր դպրոցների ներգրավմամբ՝ կառուցման և վերակառուցման միջամտության աստիճաններով, որի արդյունքում մինչև 2026 թ. կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներում ենթակառուցվածքների, շենքային պայմանների բարելավման միջոցով ուսումնական գործընթացի կազմակերպումն ավելի դյուրին կդառնա՝ նպաստելով ուսումնական հաստատություններում կրթության որակի բարձրացմանը: Ըստ այդմ՝ առաջարկվում է գործող կարգում ավելացնել Երևան քաղաքի թվով 11 դպրոց և Լոռու մարզի թվով 1 դպրոց, այդ թվում՝ Երևանի թիվ 124 հիմնական դպրոց (նախկին «Երևանի թիվ 201 հիմնական դպրոց» ՊՈԱԿ–ի տեղակայման վայրում), Երևանի թիվ 64 հիմնական դպրոց, Երևանի Գ.Գուրզանդյանի անվան թիվ 163 հիմնական դպրոց, Երևանի թիվ 157 հիմնական դպրոց, Երևանի Ս. Խանզադյանի անվան թիվ 184 ավագ դպրոց, Երևանի Ա. Երզնկյանի անվան թիվ 118 ավագ դպրոց, Երևանի Մ. Սարյանի անվան թիվ 86 հիմնական դպրոց, Երևանի Րաֆֆու անվան թիվ 36 հիմնական դպրոց, Երևանի Ս. Շահմուրադյանի անվան թիվ 85 հիմնական դպրոց, Երևանի Վ. Դավթյանի անվան թիվ 37 հիմնական դպրոց, Երևանի Վ. Վարդևանյանի անվան թիվ 173 և 31 հիմնական դպրոցներ, Վանաձորի Մ.Մաշտոցի անվան թիվ 15 հիմնական դպրոց: Միաժամանակ գործող կարգում փոփոխության կենթարկվեն Կոտայքի մարզի Զովունի, Պռոշյան և Արամուս բնակավայրերի կառուցվող դպրոցներին առնչվող տեղեկությունները: Մասնավորապես՝ այդ բնակավայրերում բնակչության թվով պայմանավորված՝ նոր միջնակարգ դպրոցներ կառուցելու անհրաժեշտություն է առաջացել՝ միաժամանակ գործող դպրոցները պահպանելու միտումով:

Գործադիրն ընդունել է որոշում, որով նախատեսվում է լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ համարել նախադպրոցական ծառայությունները և այլընտրանքային ծրագրերի իրականացումը: Ըստ այդմ՝ ուսումնական հաստատությունները, որոնք իրականացրել են հիմնական կրթական ծրագրեր սահմանված ժամկետներում, կդիմեն լիցենզավորման համար: Հիմնավորման համաձայն՝ կլիցենզավորվեն ՀՀ-ում գործող կազմակերպություններ` հիմնականում զարգացման կենտրոնների անվան տակ (ավելի քան 300), որոնք իրականացնում են նախադպրոցական տարբեր կրթական ծրագրեր (այդ թվում այլընտրանքային) և նախադպրոցական ծառայություններ, ինչպես նաև հիմնական կրթական ծրագիր իրականացնող նախադպրոցական ուսումնական հաստատություններ: Կենտրոնները լիցենզավորվելով և գործելով լիազոր մարմնի վերահսկողության ներքո՝ կապահովեն երեխաների առողջության և անվտանգության նվազագույն պահանջները (հիգիենիկ և սանիտարահամաճարակային, հակահրդեհային անվտանգություն և այլն) և կրթության բովանդակությամբ ներկայացվող վերջնարդյունքները, որը երեխաներին նախապատրաստում է դպրոցին: Արդյունքում՝ ոլորտը կդառնա վերահսկելի, իսկ կրթական ծրագրերի իրականացման գործընթացը՝ առավել արդյունավետ:

Related posts

Ռուսաստանը 2 ինքնաթիռ և 50 փրկարար է ուղարկում Իրան

Իրանի ԱԳՆ-ն հայտնել է նախագահ Ռայիսիի պատվիրակության անդամներից մեկի հետ խոսակցության մանրամասները

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն անհանգստությամբ է հետևում Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի վերաբերյալ լուրերին