Կընդլայնվեն կենսաթոշակային ֆոնդերի կողմից իրականացվող ներդրումների և եկամուտների ստացման հնարավորությունները

Կառավարության հավանությանն է արժանացել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Հիմնավորման համաձայն՝ ներկա պահին օրենքով կենսաթոշակային ֆոնդերի համար սահմանված որոշ ներդրումային սահմանաչափեր բացասական ազդեցություն են թողնում ֆոնդերի կառավարման արդյունավետության վրա: Մասնավորապես, բաժնային արժեթղթերում ներդրումների փոքր սահմանաչափը (պահպանողական ֆոնդերի համար՝ 25 տոկոս) հնարավորություն չի տալիս ֆոնդերին օգտվել բաժնային արժեթղթերի՝ երկարաժամկետում բարձր և կայուն եկամտաբերություն ապահովելու հնարավորությունից և իրականացնել մարտավարական կառավարում՝ բարենպաստ իրավիճակներում մեծացնելով բաժնային արժեթղթերում ներդրումների կշիռը՝ լրացուցիչ եկամտաբերություն ստանալու նպատակով: Օրինագծով նախատեսվում է ֆոնդերի ներդրումների որոշ սահմանափակումների մեղմացում, որի արդյունքում կընդլայնվեն ֆոնդերի կողմից իրականացվող ներդրումների և եկամուտների ստացման հնարավորությունները: Բացի այդ, հնարավորություն կստեղծվի հանրության խնայողությունները լիարժեք կերպով ուղղելու տնտեսության իրական հատվածի ֆինանսավորմանը: Ֆոնդերը կկարողանան որակյալ ներդրումային հնարավորությունների դեպքում ավելացնել բաժնային արժեթղթերում ներդրումների կշիռը, մասնակցել տարբեր նախագծերի ֆինանսավորմանը (միջազգային կազմակերպությունների և այլ հեղինակավոր գործընկերների հետ), որը լրացուցիչ դիվերսիֆիկացիա կապահովի, ինչպես նաև դրական ազդեցություն կունենա ֆոնդերի եկամտաբերությունների և ռիսկերի ցուցանիշների վրա: Մասնավորապես, ՀՀ կենտրոնական բանկի հաշվարկների համաձայն՝ բաժնային արժեթղթերում ներդրումները մեծացնելու արդյունքում (25 տոկոսից 35 տոկոս) հնարավոր կլինի մեծացնել սպասվող միջին եկամտաբերությունը (օրինակ՝ 30 տարվա համար միջինում տարեկան հավելյալ 0.7 տոկոս): Այս ամենի արդյունքում հավանականությունը, որ ֆոնդերի ապահոված եկամտաբերությունը կլինի ավելի ցածր, քան գնաճն է, երկարաժամկետում էապես նվազում է: Իրական հատվածում, այդ թվում՝ ենթակառուցվածքային նախագծերում ուղղակի ներդրումների արդյունքում (10 տոկոսի չափով) հնարավոր կլինի ապահովել բարձր եկամտաբերություն՝ ավելի ցածր տատանողականությամբ (օրինակ՝ 30 տարվա համար միջինում տարեկան հավելյալ 0.43 տոկոս եկամտաբերությամբ և 0.2 տոկոսով պակաս տատանողականությամբ): Կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչներին այլ տեսակի ներդրումային ֆոնդեր կառավարելու հնարավորություն տալու դեպքում ֆոնդերի կառավարիչները կկարողանան կիրառել իրենց կարողությունները՝ ստեղծելով և կառավարելով տարբեր տեսակի ֆոնդեր, որոնց շնորհիվ կֆինանսավորվեն տնտեսության տարբեր ոլորտներ և ներդրումային նախագծեր՝ էական ներդրում ունենալով տնտեսության ֆինանսավորման այլընտրանքային գործիքների ստեղծման և զարգացման գործում: Նախագծի ընդունման արդյունքում կենսաթոշակային ֆոնդերի մասնակիցները տեղեկատվություն կարող են ստանալ միայն էլեկտրոնային եղանակով, ինչի շնորհիվ մասնակիցների ռեեստրը վարողը հնարավորություն կունենա նվազեցնելու գործառնական ծախսերը:

Հավանություն է տրվել «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Նախագծի նպատակն է բարելավել հանրային ծառայության համակարգում անձնակազմի հավաքագրման և համալրման ընթացակարգերը, ներդնել մեխանիզմներ քաղաքացիական ծառայողների՝ արժանիքների վրա հիմնված առաջխաղացման և հորիզոնական շարժունությունը խթանելու համար, խնայել ժամանակը և ռեսուրսները, հստակեցնել ժամկետները, հանել կամ վերաձևակերպել այն իրավակարգավորումները, որոնք օրենսդրական կարգավորումների պայմաններում պրակտիկայում կիրառելի չեն կամ խնդրահարույց են։ Մասնավորապես, նախագծով ներքին մրցույթն անցկացնելու համար նախատեսվել է միայն հարցազրույցի փուլ։ Համապատասխան իրավական կարգավորում նախատեսելու համար հաշվի են առնվել թե´ ներքին մրցույթին մասնակցելու իրավունք ունեցող անձանց շրջանակը, թե´ 2021-2023թթ ընկած ժամանակահատվածում ներքին մրցույթների մասով տեղեկատվական հարթակում գրանցված վիճակագրական տեղեկությունները: Մասնագիտական գիտելիքները ստուգող թեստային առաջադրանքների բովանդակային մասով ևս փոփոխություններ են նախատեսվել։

Գործադիրը հավանություն է տվել «Թանկարժեք մետաղների մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Նախագծի նպատակն է ապահովել իրավական հստակ հիմքեր թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառքի ոլորտում իրականացնել առավել արդյունավետ վերահսկողություն։ Օրինագծի ընդունման արդյունքում ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնին հնարավոր կլինի չբախվել արհեստածին խոչընդոտների թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մասնագիտացված, այդ թվում՝ մանրածախ վաճառակետերում իրացվող արտադրանքի նկատմամբ իրականացվող տեսչական գործողություններում։ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել վերահսկողություն իրականացնող մարմնի կողմից առավել արդյունավետ վերահսկողության իրականացում, ԵԱՏՄ երկրներում թանկարժեք մետաղների հարգերի փոխճանաչելիություն գործընթացի շարունակականություն, սպառողի շահերի պաշտպանություն։

Related posts

Վանաձորում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածներ կան. նրանք ռեանիմոբիլով տեղափոխվել են Երևան

Ինդոնեզիայում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել

Նեթանյահուն հետաձգել է Ադրբեջան կատարելիք այցը