ԿԲ-ի կողմից չլիցենզավորված բանկերում և վարկային կազմակերպություններում անհուսալի վարկեր ունեցող անձինք ևս կօգտվեն աջակցության ծրագրից

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ  ՀՀ կենտրոնական բանկի կողմից չլիցենզավորված բանկերում և վարկային կազմակերպություններում անհուսալի դասով դասակարգված վարկեր ունեցող անձինք ևս կարող են օգտվել անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրից։

Ծրագրի շրջանակում դիմում կարող են ներկայացնել նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում և ՀՀ պաշտպանության նախարարությունում նոր ծառայության անցնող անձինք, ինչպես նաև գործող ծառայողները։

«Հիշեցնենք, որ Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրից կարող եք օգտվել, եթե բանկերում և վարկային կազմակերպություններում (անկախ նրանից՝ լիցենզավորված է, թե ոչ) ունեք 3 և ավելի տարի անհուսալի դասով դասակարգված վարկ և եթե ձեր ունեցած բոլոր վարկերի մայր գումարների հանրագումարը դիմելու օրվա դրությամբ փոքր է 1 մլն դրամից։ Դիմելու օրվա դրությամբ պետք է լինեք աշխատող, այսինքն՝ ձեր աշխատավարձից պետք է հաշվարկվի եկամտահարկ, որն էլ ուղղվելու է անհուսալի վարկային պարտավորության ամսական մարմանը։
Շահառու ճանաչվելու դեպքում աշխատավարձից վարկի սպասարկման համար Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից բռնագանձվող գումարի չափը սահմանվել է 20%՝ 24 ամսից ոչ ավելի ժամկետով (այժմ սահմանված մինչև 50%-ի փոխարեն)։
Դիմումներն ընդունվում են https://e-social.am/services հարթակում։
Ծրագրից օգտվելու քայլերի հաջորդականությունը՝ ստորև․
ՔԱՅԼ 1. Մուտք գործել https://e-social.am/services հարթակ:
ՔԱՅԼ 2. Սեղմել «Կյանքի դժվարին իրավիճակ» պատուհանի վրա, այնուհետև ընտրել «Անհուսալի վարկերի միջոցառում» դաշտը:
ՔԱՅԼ 3. Ձեր տվյալների նույնականացման համար համակարգը ձեզ կառաջարկի ընտրել «Բջջային նույնականացման քարտ» (mID) կամ «Նույնականացման քարտ» տարբերակներից որևէ մեկը:
ՔԱՅԼ 4։ «Բջջային նույնականացման քարտ» (mID) տարբերակն ընտրելու դեպքում անհրաժեշտ է մուտքագրել ձեր հեռախոսահամարը և սեղմելով «Մուտք» դաշտի վրա՝ ստանալ ստորագրման PIN գաղտնաբառը։
«Նույնականացման քարտ» տարբերակի դեպքում՝ անհրաժեշտ է նույնականացման քարտը տեղադրել ընթերցող սարքի մեջ, սեղմել «Մուտք» դաշտի վրա, հավաքել մուտքի PIN գաղտնաբառը և մուտքագրել պահանջվող տեղեկատվությունը։
Ուշադրություն․
Բջջային նույնականացման քարտ (mID) և նույնականացման քարտ չունեցող անձինք կարող են մոտենալ Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ (հասցեները՝ https://socservice.am/offices)»,- նշված է հաղորադրությունում:

Related posts

Դիլիջան համայնքում մանկապարտեզի մասնաշենքը վերադարձվել է համայնքին. վարչապետ

Կանադայի արտգործնախարարը շնորհակալություն է հայտնել Հայաստանին

Եթե այս գործելաոճը շարունակվի, պետք է եթերազրկել. Ալեքսանյանը՝ ՀՀ-ում ռուսական ալիքների հեռարձակման մասին