Կարմիր շուկայի և Թաղավարդի հարևանությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերից կրակահերթեր են արձակվել բնակելի տների ուղղությամբ

Փետրվարի 11-ին՝ ժամը 05:50-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր շուկա և Թաղավարդ համայնքների հարևանությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերից կրակահերթեր են արձակվել դիտարկվող բնակելի տների ուղղությամբ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:
«Հաշվի առնելով բնակավայրերի և ադրբեջանական դիրքերի մինչև առկա հեռավորությունը և այն, որ գյուղի բնակելի հատվածը ուղիղ դիտարկվում է ադրբեջանական դիրքերից, անհերքելի է այն հետևությունը, որ ադրբեջանական կողմը ուղիղ թիրախավորել է խաղաղ բնակիչների տները, որի հետևանքով վնասվել են բնակելի տներ՝ տան պատեր, տանիքներ։
Խաղաղ բնակիչներին ահաբեկելուն ուղղված նույն գործողությունների ընթացքում խոցվել է նաև Կարմիր շուկա համայնքի բնակչի տան պատուհանը, իսկ գնդակը ներթափանցել է տան հյուրասենյակ, որտեղ էին գտնվում կրակոցների ձայնից քնից արթնացած տանտիրոջ անչափահաս երեք երեխաները և կինը:
Հատկանշական է, որ նկարագրված դեպքը վերջին օրերին ադրբեջանական զինված ուժերի պարբերական ահաբեկչական ակտիվացած գործողությունների հերթական դրսևորումն էր:
Արցախի մարդու իրավունքների պաշտպանը նորից փաստում է, որ Արցախի խաղաղ բնակավայրերի մերձակայքում տեղակայված ադրբեջանական զինված հենակետերը և դրանց միջոցով իրացվող հայատյաց ու ահաբեկչական գործողությունները ուղիղ և անառարկելի սպառնալիք են Արցախի բնակչության իրավունքների՝ մասնավորապես կյանքի իրավունքի համար:
Վերահաստատում եմ այն պնդումը, որ Ադրբեջանի կողմից իրականացվող հանցավոր գործողությունները կրում են պարբերական ու համակարգված բնույթ, որն նպատակաուղղված է վախի, հուսահատության մթնոլորտ ձրավորելու Արցախում։
Ադրբեջանը շարունակելու է Արցախը ժողովրդի դեմ ուղղված իր հանցավոր փորձերը, քանի դեռ միջազգային հանրությունը միաձայն չի դատապարտել մարդկության դեմ ուղղված ադրբեջանական բացահայտ անօրինականությունները»,- ասված է Արցախի ՄԻՊ-ի գրառման մեջ:

Related posts

«Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա հղի կին է մահացել

Կրակոցներ՝ եկեղեցու հարևանությամբ գտնվող տարածքում․ կան զոհեր և վիրավոր, մահացածներից մեկը քրեական հեղինակություն է

Ռուսաստանը բաց է Արևմուտքի հետ երկխոսության համար՝ հավասարը հավասարի սկզբունքով. Լավրով