Կարծում եմ՝ շատ խիզախ բան է անում Աննան. Նիկոլ Փաշինյանը՝ բռնության դեմ արշավի մասին

Կարծում եմ՝ շատ խիզախ բան է անում Աննան: Կա մի ճշմարտություն, որը բոլորս գիտենք, բայց այդ մասին ընդունված չէ խոսել: Ամենամեծ խիզախությունը բոլորիս հայտնին, ինչպես ժամանակին Վազգեն Սարգսյանն էր ասում, համաձայնության և լռության գաղջ մթնոլորտում պահելն է: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով կնոջ՝ Աննա Հակոբյանի՝ ընտանեկան բռնության դեմ արշավին:

Լրագրողը հետաքրքրվեց՝ ինչո՞ւ հիմա նման հարց բարձրաձայնվեց, ի՞նչ դիրքորոշում ունի Նիկոլ Փաշինյանը հարցի վերաբերյալ:

Թե ինչու հիմա՝ Նիկոլ Փաշինյանը հորդորեց Աննա Հակոբյանին հարցնել, իսկ ինչ վերաբերում է իր դիրքորոշմանը, պարզաբանեց՝ հիշեցնելով, որ այդ մասին հազարավոր գրքեր կան գրված, և որ բռնությունը միայն ֆիզիկականը չէ, այն շատ ավելի բազմաշերտ երևույթ է:

«Կարծում եմ՝ այո՛, այն պայմաններում, որ ՀՀ բնակչության մեծ մասը կանայք են, և ընդհանրապես, մեր երկրի զարգացման հիմնական ներուժը կանայք են, մենք պետք է կարողանանք կանանց պաշտպանել այդ թվում ընտանեկան բռնությունից, և մեր ընտանիքները պաշտպանենք, որովհետև դա իր հետ բերում է հետևանքներ և՛ կանանց, և՛ տղամարդկանց, և՛ երեխաների համար: Իմ դիրքորոշումը դա է:

Մենք պետք է առերեսվենք այս խնդրի հետ, անպայման պետք է առերեսվենք, և ձեզ էլ կոչ եմ անում ակնհայտ բաները, որոնք գիտեք, բայց որոնց մասին ընդունված չէ խոսել, [բարձրաձայնեք], ինչո՞ւ եք լռության մատնում:

Հիմա Աննան է դրա մասին խոսում, դրա համար փորձ է արվում դրա շուրջ այլ մթնոլորտ ձևավորել: Շա՛տ լավ: Նախկինում թող ուրիշները՝ լրատվամիջոցները, քաղաքական ուժերը, դրա մասին խոսեին: Թող բոլորը խոսեն և իրենց դիրքորոշումն ասեն, բայց ճշմարտության լեզվով խոսեն»,- ասաց նա:

Բռնության տարբեր դրսևորումները թաքցնող հայ ընտանիքի մոդելը պետք է փոխարինվի բռնությունից զերծ, փոխադարձ սիրո և հարգանքի վրա հիմնված, ներդաշնակ ու անվտանգ ընտանիքի մոդելով։ Այդ մասին տեսաուղերձում ասել էր ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը: Ավելի ուշ պատգամավորներ Զարուհի Բաթոյանը, Սոնա Ղազարյանը և Ծովինար Վարդանյանը Ազգային ժողովի նախագահին են ներկայացրել օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որը նախատեսում է փոփոխություններ 5 իրավական ակտերում:

Առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է, որ ընտանեկան բռնության դեպքերով քրեական հետապնդումը կշարունակվի նաև բողոքը հետ վերցնելու դեպքում, կխստացվեն պատիժները, կուժեղացվի ապացույցների օբյեկտիվ արձանագրումը, իսկ բռնություն գործադրած անձանց համար կնախատեսվի պարտադիր վերականգնողական ծրագիր։

Related posts

Նորմա՞լ է, որ մարդ կարող է գալ, երկրի ղեկավարի պաշտոնում 10 տարի աշխատել և դառնալ դոլարային միլիոնատեր. Փաշինյան

Հարգում ենք ուրիշների դիրքորոշումները և հարգանք ենք ակնկալում մեր դիրքորոշումների վերաբերյալ. Փաշինյանը՝ ՌԴ-ից հնչող հայտարարությունների մասին

Ռոբերտ Քոչարյանին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած չեն. Գլխավոր դատախազություն